Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ քննչական կոմիտում 30 քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ

2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից  արձակել են շուրջ 150 կրակոց:

Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ:
            Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող,  սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա:
            Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների  հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին