Բացել լրահոսը Փակել լրահոսը
150720StepGlxHatakNaxagicKhorhrdak
A A
Պաշտոնական

Արցախում կդադարեցվի մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի մշակման և մասնավոր ներդրումային ծրագրերով մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Նախագահ Հարությունյանը կարևորել է մայրաքաղաքի հատակագծի մշակման շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և շահագրգիռ մարմինների միջև քննարկումների անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ գործընթացը չպետք է խոչընդոտ լինի մայրաքաղաքում բնակարանաշինական խոշոր ծրագրերի իրականացման համար:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու փաստաթղթերը տրամադրվել են գործի պատասխանատու ճարտարապետներին:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախկինում տրված կառուցապատման թույլտվությունների հիման վրա Ստեփանակերտում ընթացող մասնավոր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև կանաչ գոտիների պահպանման և ավելացման հարցերին: Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակումը դադարեցնել քաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող որոշ շինությունների կառուցման հետագա աշխատանքները և քննարկել դրանք հետագայում ապամոնտաժելու հարցը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր նոր օբյեկտի կառուցում պետք է համապատասխանեցվի մշակվող գլխավոր հատակագծի նախագծին:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ