Բախտակից հավաքականներ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2012-ի» ընտրական փուլին մասնակցող հավաքականներից ֆուտբոլի Հայաստանի հավաքականը միակը չէ, որը դեռ չի կարողանում մրցակից (կամ մրցակիցներ) գտնել, որպեսզի մինչեւ այդ մրցաշարի մեկնարկը ընկերական հանդիպում անցկացնի եւ փորձարկի ուժերը:
Նմանատիպ վիճակում են գտնվում Կիպրոսի, Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Սան Մարինոյի, Ֆարերների, ինչպես նաեւ մեր թիմի առաջիկա պաշտոնական մրցակիցները համարվող Անդորայի եւ Ռուսաստանի ազգային թիմերը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է մինչեւ «Եվրո-2012-ի» մեկնարկը հավաքականի համար կազմակերպել երկու ընկերական հանդիպում, մեկը մայիս-հունիս ամիսներին, իսկ մյուսը օգոստոսի 11-ին, որը ՖԻՖԱ-ի կողմից հաստատվել է որպես ընկերական հանդիպումներ անցկացնելու օր: Ինչպես նշեցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ինչ խոսք, ՀՖՖ-ն առաջին հերթին կարող է բանակցել հենց վերը նշված 5 երկրների ֆեդերացիաների հետ` ընկերական խաղեր անցկացնելու համար, սակայն դա նպատակահարմար չէ մարզական առումով, քանի որ այդ թիմերն իրենց խաղաոճով նման չեն մեր հավաքականի առաջիկա մրցակիցներին:
Սակայն, օրինակ, նպատակային կլիներ, եթե օգոստոսի 11-ին Երեւանում մեր ընտրանին ընդուներ Հյուսիսային Իռլանդիայի կամ Ուելսի հավաքականին, որոնք ազատ են այդ օրը (ըստ ՖԻՖԱ-ի խաղացանկի), բացի այդ իրենց խաղաոճով նման են մեր թիմի հենց առաջին մրցակցին` Իռլանդիայի հավաքականին: Մայիս-հունիս ամիսներին համեմատաբար ուժեղ հավաքականներից ազատ է Շոտլանդիայի ընտրանին: