Առաջատարների թվում է
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր 5 շախմատիստները:
Նրանցից երկուսը` Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Քոթանջյանը, երեք տուրից հետո տարել են նույնքան հաղթանակ եւ մրցաշարի 6 առաջատարներից են: Նրանցից կես միավորով ետ է մնում Գաբրիել Սարգսյանը, որը եւս 23 շախմատիստների հետ բաժանում է 7-30-րդ տեղերը: 2-ական միավոր են վաստակել Գեւորգ Հարությունյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանք արդեն գտնվում են համապատասխանաբար 49-րդ եւ 52-րդ հորիզոնականներում:
3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հաղթեց Գեւորգ Հարությունյանին, իսկ Տիգրան Քոթանջյանը սեւերով պարտության մատնեց ադրբեջանցի Գադիր Գուսեյնովին:
Գաբրիել Սարգսյանն այնքան էլ «ջենթլմեն» չգտնվեց եւ առավելության հասավ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի (Վրաստան) նկատմամբ: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց հնդիկ Անտոնիո Դչունային:
Այսօր տեղի ունեցող 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի հնդիկ վարպետ Հարիկա Դրոնավալի հետ, Տիգրան Քոթանջյանը սպիտակներով կխաղա վենեսուելացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիսագայի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Բելգիան ներկայացնող ուկրաինացի շախմատիստ Վադիմ Մալախատկոն, Գեւորգ Հարությունյանինը` ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովը, Տիգրան Լ. Պետրոսյանինը` ուկրաինացի Վլադիմիր Գրաբինսկին: