Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թե՛ Հրայր Թովմասյանը, թե՛ ՍԴ որոշ անդամներ գործում են հին իշխանությունների ազդեցությամբ․ Իգիթյան (տեսանյութ)

«Ես չգիտեմ՝ Ալիևը գիտի, թե՞ ձևացնում է, որ չգիտի՝ Մինսկի գործընթացը հարթակ է, որը ստեղծում է պայմաններ, որ կողմերը գան համաձայնության»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հարցի  կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան, ինչպես նաև՝  ԵԱՀԿ Մինսկի խմբին Ալիևի կողմից ուղղված քննդատություններին․

«Մեղադրանքները Ալիևը պետք է ուղղի ադրբեջանական կողմին, որովհետև, եթե Ալիևը կարծում է, որ բանակցությունները էֆեկտվ չեն, սա Ադրբեջանի մեղքով է տեղի ունեցել 2016-ի քառօրյա պատերազմի, ագրեսիայի պատճառով»։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է, նաև համարժեք պատասխան չի տալիս ձևաչափը փոխելու Երևանի փորձերին, Իգիթյանն ասում է՝ Մինսկի խումբը վաղուց արձագանքել է այդ հարցին․

«Երբ ստեղծվում էր Մինսկի խումբը, այն ժամանակ կողմերից մեկը նշված էր Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ կամ իշխանություններ, այսինքն՝ հենց սկզբից Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղին նայում էր որպես կողմ»։

Պատգամավորի խոսքով՝ Ալիևը կամ կորցրել է իրականության զգացումը, կամ աշխատում է միայն ներքին լսարանի համար։

Ինչ վերաբերում է մեր երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, Իգիթյանը համոզված է՝ Ալիևը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում գործում է իր համակարգի պես կոռումպացված համակարգ։

Իշխող խմբակցության պատգամավորը անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին, համոզմունք հայտնեց, որ թե՛ Հրայր Թովմասյանը, թե՛ ՍԴ որոշ անդամներ գործում են հին իշխանությունների ազդեցությամբ․

«Չեմ կարծում՝ նրանց հաճելի է այդպիսի խայտառակ իրավիճակում գտնվել, կառչել աթոռից, դուրս չգալ աշխատասենյակից և այլն։ Բազմաթիվ փաստեր կան, որ Սահմանադրական դատարանը հիմնական առաքելություն է տեսնում Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվությունից ազատելը»։