«Պյուռոսյան հաղթանակներ»
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի հերթական պատասխան խաղերում «Մանչեսթր Յունայթեդը» եւ «Բորդոն» չնայած հաղթանակներ տարան, սակայն դուրս մնացին պայքարից:
Անգլիական ակումբը սեփական հարկի տակ հանդիպեց Մյունխենի «Բավարիայի» հետ, որն առաջին խաղում կամային հաղթանակ էր տոնել` 2:1: Դաշտի տերերը շատ հաջող սկսեցին հանդիպումը եւ մինչեւ 41-րդ րոպեն երեք անպատասխան գոլ խփեցին: Սակայն, ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, դա բավարար չէր կիսաեզրափակիչ մտնելու համար: Մյունխենցիներին հաջողվեց նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը, եւ չնայած նրանք 2:3 հաշվով պարտություն կրեցին, սակայն ի հաշիվ մրցակցի հարկի տակ խփած գոլերի մտան հաջորդ փուլ: Հյուրերի կազմում փրկարար գնդակը 74-րդ րոպեին խփեց հոլանդացի Արիեն Ռոբենը: Ի դեպ, «Բավարիան» լրիվ նույն արդյունքներով 1/8 եզրափակիչում հաղթահարել էր իտալական «Ֆիորենտինայի» արգելքը:
«Բորդոն» իր հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց «Լիոնին», բայց նույնպես դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում ավելի մեծ հաշվով էր պարտվել (1:3):
Այդպիսով, կիսաեզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Բավարիան» ու «Լիոնը» եւ «Բարսելոնան» ու «Ինտերը»: Առաջին խաղերը կկայանան ապրիլի 20-21-ին, պատասխանները` ապրիլի 27-28-ին: