Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+talalaev
A A
Սպորտ

«Փյունիկում» աշխատելիս գիշերները 6 ժամ էի քնում, հիմա՝ չորս. Անդրեյ Տալալաև

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն առաջին հաղթանակն է տարել Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի: Նրա գլխավորած «Կռիլյա Սովետովը» 27-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»: Խաղից հետո 47-ամյա մասնագետը նշել է, թե ինչի հաշվին է կարճ ժամանակում հասել նման հաջողության:

«Այժմ ավելի քիչ եմ քնում: «Փյունիկում», «Խիմկիում» աշխատելիս գիշերները 6 ժամ էի քնում, իսկ հիմա՝ ընդամենը չորս ժամ: Անընդհատ աշխատում, աշխատում և աշխատում եմ: Շատ խիտ խաղացանկ է, խաղում ենք 72 ժամը մեկ: Մենք ավելի շատ տեսական մարզումներ ենք անցկացնում, շատ զրուցում ենք ֆուտբոլիստների հետ: Հիմնական մարզումները վերականգնողական բնույթ են կրում, ժամանակ չկա թիմային աշխատանքների համար: Այժմ կարևորը ֆուտբոլիստների անհատական վարպետությունն է, քան խաղակցված գրոհները», - ասել է Անդրեյ Տալալաևը:

«Կռիլյա Սովետովն» այդ հաղթանակից հետո վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է վտանգավոր 15-րդ տեղը, սակայն այն ընդամենը երեք միավորով է ետ մնում 11-րդ հորիզոնականում գտնվող «Սոչիից»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է երեք տուր: