Սեմնեբին լավատես է եւ միաժամանակ` իրատես
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Այսօր «Ա1+»-ը պարոն Սեմնեբիի հետ կարճատեւ զրույցի հնարավորություն ունեցավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էին կազմակերպել 2008թ. մարտի 1-ի զոհերի եւ քաղբանտարկյալների հարազատները:
- Պարոն Սեմնեբի, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, այս օրերին ընթացող ակցիաները:
- Այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, մենք հետեւում ենք: Հայաստանը մեզ համար շատ կարեւոր է որպես գործընկեր, եւ մեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է այստեղ' կապված քաղաքական բարեփոխումների, մարդու իրավունքների խնդիրների, տնտեսության եւ սոցիալական վիճակի, այդ թվում արտաքին հարաբերությունների հետ:
- 2008թ. մարտի 1-ի դեպքերից 2 տարի է անցել, եւ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել մարտի 1-ի 10 սպանությունների համար: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:
- Իհարկե, դա ողբերգական պահ էր հայ ժողովրդի ժամանակակից քաղաքական կյանքում: Այդ դեպքերը դեռ շատ կարեւոր դեր ունեն մարդկանց գիտակցության մեջ: Այդ ողբերգական դեպքերի հետեւանքները կարեւոր են եւ մեզ համար, եւ Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ պետք է գնալ առաջ եւ նոր փուլ սկսել այս երկրի քաղաքական կյանքում:
- Եթե ոչ մեր ողջ հասարակությունը, ապա մեծամասնությունը գտնում է, որ միջազգային կառույցները աչք են փակում 2008թ. մարտի 1-ի դեպքերի վրա:
- Ես համաձայն չեմ: Ես շատ լավ եմ հիշում այդ ժամանակը: Ես միշտ գալիս էի Հայաստան եւ այդ հարցը միշտ առկա է մեր հարաբերություններում, թե ընդդիմության եւ թե իշխանությունների հետ:
- 2008թ. նախագահի ընտրություններից անմիջապես հետո միջազգային կառույցները հայտարարեցին, որ ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին եւ դրանից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին ավելի դաժան վարվել սեփական ժողովրդի հետ, որը հանգեցրեց մարտի 1-ի դեպքերին:
- Ես չեմ ցանկանում դատել, թե իշխանությունները սկսել են ավելի դաժան վարվել ժողովրդի հետ, թե ոչ: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ այս երկրում դեռ պետք է մի շարք կարեւոր ու անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին' դատական, մարդու իրավունքների, ազատ խոսքի: Պետք է աշխատել:
- Ձեր կարծիքով ՀՀ-ում հնարավոր է բարեփոխումների հասնել օրենքներ փոխելո՞վ: Ձեր կարծիքով իշխանությունները իրական բարեփոխումների համար կամք ունե՞ն:
- ՀՀ իշխանությունների հետ մենք հիմա սկսում ենք հարաբերությունների նոր փուլ: Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք նոր համաձայնագրեր կունենանք: Այդ հարցերը' քաղաքական, դատարական եւ մի շարք այլ ոլորտներում տեղ են գտնելու մեր հարաբերություններում: Ես կարծում եմ, որ նոր փուլը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում:
- Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվա՞ծ է, թե՞ դեռ առաջ շարժվելու տեղ կա:
- Շատ բարդ հարց է: Հնարավորությունները դեռ սպառված չեն:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կառույցների ներկայացուցիչները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ այս տարի ԼՂ հիմնախնդիրը կլուծվի: Դուք ի՞նչ եք կարծում:
- Ես դժվարանում եմ ասել, թե ԼՂ խնդիրը երբ կլուծվի' այս տարի, թե հաջորդ: Դա շատ բարդ գործընթաց է, բայց փաստն այն, որ ԼՂ հիմնախնդրի գործընթացը, թեեւ շատ դանդաղ, բայց շարժվում է առաջ:
- Ո՞րն է Ձեր այս այցի նպատակը:
- Ես ժամանել եմ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատարի' Շտեֆան Ֆյուլենի հետ:Ես կարծում եմ, որ այս այցի ընթացքում մեզ հաջողվեց իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով, ինչպես նաեւ ընդդիմության հետ քննարկել մի շարք խնդիրներ: Ես լավատես եմ, բայց փորձում եմ իրատես լինել:
- Դուք հավատո՞ւմ եք ՀՀ իշխանություններին:
- Հավատում եմ: Գիտեք մենք բավականին արդյունավետ ենք աշխատում թե ՀՀ իշխանությունների, թե ընդդիմության, եւ թե քաղաքացիական հասարակության հետ: Պետք է առաջ գնալ:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը