Հրաշալի քառյակը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Երեւանի «Բանանցն» ու Աշտարակի «Միկան» կրկին հաղթեցին իրենց մրցակիցներին եւ մտան կիսաեզրափակիչ:
«Բանանցը», որն առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր «Շիրակին» (1:0), սեփական խաղադաշտում ավելի վստահ հաղթանակ տարավ` 3:0: Դաշտի տերերի կազմում երկու գոլ խփեց Սամվել Մելքոնյանը, որը բավական արդյունավետ խաղ էր ցուցադրել նաեւ թիմի նախորդ հանդիպման ժամանակ (նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Իմպուլսի» հետ խաղում):
Չնայած խոշոր հաշվով հաղթանակին, «Բանանցի» մակեդոնացի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին հանդիպումից հետո ասաց, որ դեռ շատ անելիքներ ունի մարտունակ թիմ ստեղծելու համար: «2:0 հաշվից հետո մեր մի քանի ֆուտբոլիստները սկսեցին թափթփված խաղալ, ավելի շատ տարվել անհատական խաղով, որի արդյունքում թուլացավ թիմի գրոհների թափը: Մենք դեռ շատ պետք է աշխատենք մարզումների ժամանակ, որպեսզի ֆուտբոլիստներն ավելի լավ համագործակցեն խաղադաշտում եւ ավելի շատ թիմային խաղ ցուցադրեն»:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, մեկնաբանելով խաղը, նշեց, որ 0:2 հաշվից հետո թիմի համար շատ դժվար էր տրամադրվել եւ շարունակել պայքարը: «Մենք դեռ այն մակարդակը չունենք, որպեսզի երկու գոլ բաց թողելուց հետո կարողանանք բեկում մտցնել եւ փրկել խաղը: Չնայած այսօր ավելի խոշոր հաշվով պարտվեցինք, սակայն առաջին հանդիպման համեմատ ավելի լավ խաղացինք, պարզապես 1-ին խաղակեսում չկարողացանք օգտագործել մեր գոլային պահերը, իսկ ահա «Բանանցը» օգտվեց մեր սխալներից եւ արագ առաջ անցավ հաշվի մեջ»:
Այսօր տեղի ունեցած մյուս խաղում «Միկան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Կիլիկիային» (առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր միկացիների առավելությամբ` 3:0):
Այսպիսով, կիսաեզրափակիչ մտան «Փյունիկը», «Միկան», «Ուլիսը» եւ «Բանանցը»: Դա նշանակում է, որ հենց այս քառյակն այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրագավաթներում, քանի որ նման իրավունք արդեն ունեին անցած տարվա առաջնության մրցանակակիրները («Փյունիկ», «Միկա», «Ուլիս»):
Ինչ վերաբերում է «Բանանցին» ապա այն նվաճեց այդ ուղեգիրը, քանի որ անցած տարի զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ այս տարվա գավաթին կտիրի հենց 1-4-րդ տեղերը գրաված թիմերից որեւէ մեկը: