Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 7-ը հուլիսի.Պահանջում են ազատ արձակել դելֆիններին (տեսանյութ)

1993-ի այս օրերին Հայաստանը պատերազմական դրության մեջ է, հացի օրեկան նորման մեկ շնչին 250 գրամ է, սահմանամերձ գյուղերում տներն ավերվում են ռմբակոծությունից, թվում է, թե արվեստի ժամանակը չէ։ Մինչդեռ Ազգային օպերայում հնչում է Գաետանո Դոնիցետի, թեման Արարատի փեշին ծավալվող քրիստոնեությունն է, առիթը՝ քրիստոնեության 1700-ամյակը, որ նշվելու է 8 տարի հետո:

1995-ի այս օրերին հրադադարից մեկ տարի հետո Երեւանի տարբեր փողոցներում դեռ կան տաքսաֆոններ։ Դրանց կարելի է հանդիպել նույնիսկ կապի նախարարության մոտ։ Բոլորն էլ անսարք եւ ավերակված վիճակում են։ Մեր համաքաղաքացիները գտել են ելքը, իրենց բնակարաններից են մատուցում վճարովի ծառայություններ ոտքի վրա կապի կարիք ունեցողներին:

1998-ի հուլիսի 7-ին Ազգային Ժողովը ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի անկախության առաջին օրերից մինչեւ այդ օրը օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից Հայաստանի վերցրած վարկերի ճակատագիրը։ Դա վերաբերում է նաեւ վերջին՝ 30 միլիոն դոլարանոց վարկին, որը Հայաստանը վերցրել է Միջազգային զարգացման ընկերակցությունից Երեւան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար: Հայաստանում վերացվում է Գերագույն Դատարանը եւ փոխարենը ստեղծվում Վճռաբեկ Դատարան ։

1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ սա դատաիրավական բարեփոխումների առաջին քայլն է։ Հայաստանը կունենա քրեազինվորական, քաղաքացիատնտեսական պալատներ եւ առաջին ու երկրորդ ատյանի դատարաններ, որոնց դատավորները, պարոն Քոչարյանի պատկերացմամբ, պիտի որ ներդնեն գիտելիք եւ խիղճ։

Երեւանի եւ այլ քաղաքների կեղտաջրերի կենտրոնացված կայանի գործունեության մեջ իմիտացիան ավելի շատ է, քան՝ աշխատանքը ։ Ջուրը կեղտոտ մտնում է կայան եւ գրեթե նույնքան կեղտոտ էլ դուրս է գալիս։ Պատճառն այն է, որ փող չկա ջուրը մաքրող նյութեր ձեռք բերելու համար։ Անհրաժեշտ է 2000-ից 4000 տոննա քիմիկատ։ Փորձում են աշխատել «Ջրմուղկոյուղու» կառավարումը վերցրած իտալացիների հետ։

2001-ի հուլիսի 7-ին Հայաստանի կառավարությունում փոխատեղված նախարարների ներկայացման օր էր՝ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը նշանակվել էր պետական եկամուտների նախարար, որի ղեկավար Անդրանիկ Մանուկյանին բերել էին տրանսպորտի նախարարություն։ Ուրախ էին բոլորը:  

2008-ի այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։

2009-ի հուլիսի 7-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհում է շինարարության ոլորտի անկումից, որը բացասաբար է անդրադարձել ամբողջ տնտեսության վրա։ Փոխարենն այդ մարդն ուրախ է, որ երկրում չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջողվել է երկրում պահպանել ֆինանսական կայունությունը։

2010-ի այս օրը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջում է մայրաքաղաքի երեք վարչական շրջաններով, որպեսզի հասկանա, թե ինչ խնդիրներ կան ։ Քանաքեռ-Զեյթունում դրանք այնքան էլ շատ չէին: Հուլիսի 7-ը անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային օրն է։

2011-ի այս օրը Երեւանի դելֆինարիումի դիմաց բնապահպանները պահանջում են ազատ արձակել դելֆիններին, որոնք երեխաներին զվարճացնում են քլորով հագեցած ջրերի մեջ, որը առողջական խնդիրներ է առաջացնում: Նույն օրը Հայաստանի փաստաբանների պալատը Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել եւ Սերժ Սարգսյանից պահանջում էին հանգիստ թողնել դատավոր Սամվել Մնացականյանին։ Վերջինիս մեղքն այն է, որ սկզբից առանց պատճառաբանելու կալանավորել, այնուհետեւ դարձյալ առանց պատճառաբանելու գրավով ազատ է արձակել փաստաբան Ալբերտ Խաչատրյանին։ Արդարադատության խորհուրդը դիմել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի պատժի փաստաբանին ազատ արձակած դատավորին: