Բացել լրահոսը Փակել լրահոսը
1D1B6AA3-A3B1-45F1-B7D1-7F05DE1F2070_w1023_r1_s
A A
Հասարակություն

ԱՄՆ-ին չի հաջողվում կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Մեծ Բրիտանիայում բարերը նորից ընդունում են իրենց հաճախորդներին, իսկ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում այսօր են ընդունում, որ սահմանափակումներն իրենք սկսեցին մեղմել ժամանակից շուտ: ‘’Մեզ մոտ բարերն ու գիշերային ակումբները լցվել էին հաճախորդներով: Եվ այստեղ 20-ից 44 տարեկանները դարձան կորոնավիրուսի երկրորդ բռնկման պատճառ’’, ասում է Ֆինիքսի քաղաքապետը:

Նման իրավիճակի մասին է խոսում նաեւ Ֆլորիդա նահանգի Մայամիի քաղաքագլուխը: ‘’Ափսոսում ենք, որ մենք զվարճանքի կետերը բացեցինք այնպես, կարծես ոչ մի վտանգ չլիներ’’, ասում է նա:

Հիմա կա վտանգ, որ կորոնավիրուսը նոր ալիք կբերի Անկախության օրն անցկացված տոնակատարությունների արդյունքում, քանի որ մի շարք քաղաքներում մեծ բազմություններ մասնակցեցին հրավառությանն ու բացօթյա այլ միջոցառումների: Միայն Վաշինգտոնի Ազգային պուրակում էր հուլիսի 4-ին հավաքվել մոտ 130 հազար մարդ:

Թրամփը հայտարարում է, թե իրականացվել է 40 միլիոն թեստավորում, եւ որ գրանցվող դեպքերի 99 տոկոսը, ըստ նրա, լիովին անվտանգ են: Նրա խոսքերով, հիմա ամենակարեւորը պատվաստանյութի ստեղծումն է:

Սակայն Սննդի ու դեղամիջոցների վարչության ղեկավարությունը չի փորձում վստահաբար ասել, որ պատվաստանյութ անպայման կստեղծվի: ‘’Չնայած փորձերի մեծ արագությանը, չենք կարող վստահաբար կանխատեսել դրա ստեղծման ժամանակը’’, ասել է վարչության ղեկավար Ստիվըն Հահնը, որը նորից կոչ է անում չհրաժարվել անվտանգության միջոցառումներից ու գլխավորը, ասում է նա, կրե՛ք դիմակներ:

Միացյալ Նահանգներում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 3 միլիոն մարդ եւ մինչ այժմ ունի աշխարհում ոչ միայն վարակակիրների, այլ նաեւ այդ հիվանդությունից մահացածների ամենամեծ թիվը` ավելի քան 132 հազար զոհ: