Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ Հուլիսի 6-երը. Արամ Սարգսյանը՝ ընտրության առաջ. կամ քաղաքականություն, կամ՝ ցեմենտ (տեսանյութ)

1998-ի հուլիսի 6-ին եռամսյա լռությունից հետո ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ բացառված չէ, որ Հայաստանում նորից լինեն հեղաշրջումներ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո նա Հայաստանում որեւէ փոփոխություն չի տեսնում, կեղծ ու անբնական մարմին է համարում նորաստեղծ քաղաքական խորհուրդը, որի աշխատանքներին, այնուամենայնիվ, մասնակցելու է։

1999-ի հուլիսի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին պատարագ է մատուցում Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինի հիշատակին ։ Պատարագին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Այնուհետեւ Վեհափառի աճյունը տեղափոխվում է Էջմիածին։

2000 թվականի հուլիսի 6-ին մշակույթի նախարարին հրաժարականի դիմում է ներկայացնում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը։ Մաեստրոյի կինն ասում է, որ նրան ստիպել գրել հրաժարականի դիմումը։ Նախարար Ռոլանդ Շառոյանը հերքում է՝ ոչ ոք նրան չի ստիպել։

Տաշիրցի ֆերմերները դժգոհում են հայկական շուկայի գնային քաղաքականությունից, նրանց աշխատանքի արդյունքը չափազանց էժան է գնահատվում՝ մեկ լիտր կաթն ավելի էժան է, քան մեկ շիշ հանքային ջուրը։

Պետական գույքի կառավարման նախարար, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը փորձում է ազատվել իր կոմունիստ տեղակալից, պահանջում է դիմում գրել ու հեռանալ։ Փոխնախարարն ասում է, որ ինքն ուզում է կանխել բնական ռեսուրսների թալանը, իրեն թույլ չեն տալիս կանխել

Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատրաստ է մասնակցել «Արարատ-Ցեմենտ» ընկերության սեփականաշնորհման մրցույթին։ Ընդդիմադիր գործչին խորհուրդ են տալիս ընտրել՝ կամ քաղաքականությունը, կամ՝ ցեմենտը։

2004-ի հուլիսի 6-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին է վերադարձնում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգեւատրվել էր 1998 թվականին։ Պետական բարձր պարգեւից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռեւս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում։ «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների», - ասում է տիկին Սիլվան: Ներման, քաղաքացիության պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը ասում է, որ շքանշանը փաստորեն չի վերադարձվել, որովհետեւ չկա վկայականը, նախագահի հրամանագիրը՝ այսինքն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ այդ շքանշանը շնորհվել է Սիլվա Կապուտիկյանին:

2009-ի հուլիսի 6-ին հայտնի է դառնում, որ նախորդ օրը ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որին ձերբակալության պահին դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանները, մեղադրվում է ոստիկաններին ծեծելու մեջ ։ Որպես տուժող ոստիկան հանդես է գալիս մարտի 1-ի գործով նմանատիպ ցուցմունքներ տված Էրիկ Պողոսյանը։