Արգենտինական բենեֆիս
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում գործող գավաթակիր «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարզապես ջախջախեց Լոնդոնի «Արսենալին»` 4:1: Այսպիսով, բարսելոնացիները 6:3 ընդհանուր հաշվով հաղթանակ տարան եւ մտավ հաջորդ փուլ:
Անգլիացիներին դարպասը գրավելու գործնական դասեր տվեց «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսին, որը դարձավ բոլոր 4 գոլերի հեղինակը: Արգենտինացի ֆուտբոլիստը հերթական անգամ ապացուցեց, որ իրեն իզուր տեղը չեն ճանաչել 2009 թ լավագույն ֆուտբոլիստ:
Խաղից հետո մամուլի ասուլիսում հաստատեց նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը. «Բարսելոնան» այսօր մեզանից ուժեղ էր, իսկ Մեսին, իրոք, աշխարհի լավագույն խաղացողն է»:
Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կմրցի Միլանի «Ինտերի» հետ, որը պատասխան խաղում կրկին պարտության մատնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին` 1:0 (առաջին հանդիպումն էլ ավարտվել էր նույն հաշվով):
Այսօր տեղի կունենան մյուս երկու հանդիպումները: Մանչեսթրում տեղի «Յունայթեդը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային», իսկ ֆրանսիական «Բորդոն»` ֆրանսիական «Լիոնին»: Հաջորդ փուլ մտնելու համար դաշտի տերերին այդ խաղերում հարկավոր են միմիայն հաղթանակներ, քանի որ առաջին հանդիպումներում նրանք պարտություն են կրել` համապատասխանաբար 1:2 եւ 1:3 հաշվով: