Մեկնարկը սկսվեց Գիժլարյանի հաղթանակով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող բռնցքամարտի միջազգային անդրանիկ մրցաշարը:
Նախ տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Բանակային փողային նվագախմբի հնչյունների ներքո մրցասպարեզ մտան մասնակից երկրների ներկայացուցիչները` իրենց պետական դրոշներով: ՀԱՕԿ-ի անդրանիկ մրցաշարին կմասնակցեն 9 երկրների 14 թիմեր: Դրանք են Հայաստանը (ներկայացել է 3 թիմով), Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան (երեքն էլ 2-ական թիմով), Բելառուսը, Բուլղարիան, Իրանը, Ղազախստանը, Մոլդովան: Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրավերներ էր ուղարկել նաեւ Գամբիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի եւ Ուզբեկստանի ֆեդերացիաներին, սակայն այդ երկրների ներկայացուցիչներն այդպես էլ չժամանեցին Երեւան:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարեց մրցումների բացման մասին, իր ելույթում նշեց, որ այս մրցաշարը գրանցվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում եւ այսուհետ կանցկացվի ամեն տարի:
Համերգային ծրագրից հետո մրցասպարեց մտան հարյուրավոր պատանի բռնցքամարտիկներ, որոնք կարճատեւ մարզումային մենամարտեր անցկացրին: Իսկ դրանցից հետո սկսվեցին իրական մրցամարտերը: Առաջինը ռինգ մտան 51 կգ քաշային բռնցքամարտիկները` Հայաստանի եռակի չեմպիոն Դերենիկ Գիժլարյանն ու բուլղարացի Ալեքսանդր Աեքսանդրովը: Այդ մարտն ավարտվեց մեր մարզիկի հաղթանակով` 4:2:
Մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 10-ին, եզրափակիչ մենամարտերից հետո: