Գավաթային «ոչ գավաթային» խաղ
Աջակցիր «Ա1+»-ինԳավաթային հանդիպումները սովորաբար անցնում են ավելի հետաքրքիր եւ լարված պայքարում, քանի որ բոլոր թիմերն էլ` լինի ֆավորիտ կամ ետնապահ, կարողանում են տրամադրվել 1-2 հանդիպումների:
Սակայն նույնը չի կարելի ասել ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի` «Ուլիս» - «Գանձասար» պատասխան հանդիպման մասին, քանի որ դաշտի տերերը շատ արագ բացելով հաշիվը, սկսեցին «փակվել» սեփական կիսադաշտում, իսկ հյուրերը այդպես էլ ուժ չգտան հակախաղ կազմակերպելու համար: Երկրորդ խաղակեսում «Ուլիսը» հակագրոհի արդյունքում եւս մեկ գոլ խփեց եւ տրամաբանական հաղթանակ տոնեց` 2:0: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք (1:1):
«Մեր խնդիրն էր հաղթահարել 1/4 եզրափակիչ փուլը, եւ դա մենք արեցինք, - խաղից հետո մամուլի ասուլիսին ասաց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը, - Կիսաեզրափակիչում, ինքնին, մեզ ավելի լուրջ մրցակցություն է սպասվում, ուստի պետք է կարողանանք վերականգնել ուժերը, որպսզի ավելի լավ պատրաստվենք այդ հանդիպումներին»:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը հանդիպման կապակցությամբ ասաց, որ թիմն իր ամենավատ խաղը ցուցադրեց այս տարի անցկացրած 4 պաշտոնական հանդիպումների մեջ: «Այսօր շատ դժգոհ եմ հարձակման գծի խաղից: Պաշտպանությունում էլ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Չեմ ցանկանում առանձնացնել որեւէ մեկին, քանի որ, ըստ իս, թիմը միասին հաղթում է, միասին էլ պարտվում»,-ասաց նա:
Այսօր կայացած երկրորդ խաղում Երեւանի «Փյունիկը» Դիլիջանում հաղթեց տեղի «Իմպուլսին»` 1:0: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով, նույն հաշվով:
1/4 եզրափակիչի հաջորդ երկու հանդիպումները տեղի կունենան վաղը, ապրիլի 7-ին: «Բանանցը» իր հարկի տակ կընդունի «Շիրակին» (առաջին հանդիպումը` 1:0), իսկ «Կիլիկիան»` «Միկային» (առաջին հանդիպումը` 0:3):