Բացել լրահոսը Փակել լրահոսը
Lena
A A
Մշակույթ

Տուն-ինտերնատի տարեցները՝ գրքի հերոսներ

Ինչ է  տեղի ունենում, երբ նորավարտ շրջանավարտն  աշխատանքի է անցնում տուն-ինտերնատում։

«Ծերանոցում աշխատելով դառնում ես իմաստուն»,- կատակում է 25-ամյա հոգեբան Տիգրանուհի Արշակյանը, որը շուրջ երկու տարի է՝  աշխատում է Նորքի տուն-ինտերնատում։

Ասում  է՝ երբեք չի մտածել, թե   կաշխատի  այստեղ։  Աշխատանքի անցնելիս  առաջին մտավախությունը եղել է այն, թե արդյո՞ք կկարողանա մտապահել տուն-ինտերնատի շուրջ երկու հարյուր բնակիչների անուններն ու անհրաժեշտ տվյալները։  Այսօր արդեն  անգիր գիտի նրանց կյանքի պատմությունները։

Նշում է՝ տուն-ինտերնատում  նույնիսկ պատերն իրենց մեջ պահում են մարդկային պատմություններ, իսկ աշխատողը կամա թե ակամա դառնում է դրանք լսողն ու   կենդանի վկան.

«Մենք դառնում ենք բնակիչների հոգսերի ու ցավերի եւ  կրողը, եւ կիսողը։ Դրանք կարծես դառնում են հենց մեր հոգսերը։ Այդ պատմությունները եւ նման, եւ տարբեր են իրարից, յուրաքանչյուրի մեջ ինչ-որ յուրօրինակ բան կա»։

Պատմություններն այնքան են տպավորել Տիգրանուհուն, որ դրանք դարձրել է գրքի թեմա՝  պատմվածքի  ձեւաչափով։ 

Կորանավիրուսային համավարակի օրերին լույս է  տեսել  Տիգրանուհի Արշակյանի (գրական կեղծանվամբ՝  Լենա Արտի)  «Ծերացած գույներ» խորագրված պատմվածքների ժողովածուն։

«Ես գիրք գրեցի, որովհետև հասկացա՝ մտքերս գրքի էջերում են իրենց հանգիստ զգում»,-ասում է նա։

Ըստ Տիգրանուհու՝ տուն-ինտերնատի բնակիչների պատմությունները գրի առնելը գաղափար է, որ ծնվել է   աշխատանքային ամեն մի նոր օրվա հետ.

«Մտքումս անընդհատ պտտվում էր այդ գաղափարը, ուզում էի այստեղից նյութապես հիշվող մի բան ունենալ։ Ուզում էի ցույց տալ նրանց ապրումների և չկրկնվող իրականությունների չերևացող կողմերը» ։

«Ծերացած գույներ»-ը թեև առաջին գիրքն է, բայց ոչ  նրան առաջին ստեղծագործությունը։

Գրական առաջին քայլերն  արել է ՀՊՄՀ-ում՝ անդամակցելով  «Չորեքշաբթի» գրական ակումբին՝ համոզված, որ «ամեն մարդու մեջ մի փոքր գրող կա»։

«Իմ մեջ ապրողը  գրողը տեսնում է ամեն ինչ, լսում է ամեն ինչ  եւ  տալիս է իր մեկնաբանությունը։ Գիրքը տարածք է,  որտեղ հանդիպում են իրականությունը, մարդն ու ֆանտազիան» ,-հայտնեց նա։

Ո՞րն  է գրքի հիմնական  ուղերձը.  «Ես սիրում եմ ծերերին, որովհետև նրանց սիրելով՝ կարող ենք հետո սիրել մեզ իրենց տարիքում։ Ուզում եմ ծերերի միջոցով հիշեցնել մեզ՝ կյանքի ավարտուն լինելու մասին»։

Տուն-ինտերնատի բնակիչները դեռևս չեն ընթերցել  գիրքը, սակայն շուտով ամեն մեկն իր օրինակը կունենա։

«Ինձ համար կարևոր է բնակիչներից յուրաքանչյուրի արձագանքը։ Դա լինելու է կատարված աշխատանքի գնահատումն ու արժեւորումը»,- հայտնեց նա։