Նախագահը չի ստորագրելու ՍԴ-ին առնչվող օրենքը․ ի՞նչ է լինելու․ «Իմ քայլից» արձագանքում են
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահի որոշման պատճառները պետք է ճշտել նախագահականից, ես այս առումով ենթադրություններ չեմ անելու։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։
Ինչ վերաբերում է օրենքի ուժի մեջ մտնելու գործընթացին, Գրիգորյանն ասաց՝ Սահմանադրությամբ այս հարցը կարգավորված է․
«Սահմանադրության 129-րդ հոդվածը ասում է՝ նախագահը կամ ստորագրում է կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե չի ստորագրում և չի դիմում Սահմանադրական դատարան, Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։
Օրենսդրական փաթեթը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը եւ Վահագն Հովակիմյանը: Նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ կատարված փոփոխություններին համահունչ` ապահովել Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:
Մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուի առաջադրում կատարելու է Կառավարությունը, երկրորդը` Հանրապետության նախագահը, իսկ երրորդ առաջադրումն անելու է Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում:
Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Մեկ այլ փոփոխությամբ, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու նպատակով սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:
Փոփոխություններ են կատարվում նաեւ լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների` կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում: Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների` պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը: