Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ե՞րբ է ընտրվելու ՍԴ նախագահը․ ընդդիմությունն ԱԺ-ում քննարկումներին չի մասնակցում (տեսանյութ)

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քննարկումներին չեն մասնակցում։

Նախագծերի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց՝ ինչ փոփոխություններ են նախատեսված նախագծով։ Նրա խոսքով՝ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը Կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Գրիգորյանը ընդգծեց, որ ՍԴ-ում այս պահին առկա երեք տափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հենց այս հերթականությամբ։

Պաշտոնավարումը դադարեցված դատավորներին նշանակվելու են կենսաթոշակներ։ Գրիգորյանը նաև նշեց,  որ դատավորները, ում լիազորությունները դադարել են ու նրանց մակագրված են ընթացիկ վարույթ ընդունված գործեր, սահմանված ժամկետում կհրավիրի նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակագրվեն այլ դատավորների։

Առաջարկվող նախագծի համաձայն՝ ՍԴ դատավորի պաշտոնավարման համար ամրագրվում է ընդհանուր պաշտոնավարած տարիները՝ 12 տարի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ երեք թափուր պաշտոնների համալրումներից հետո ընտրվելու է ՍԴ նախագահ։

Անդրադառնալով ընդդիմախոսների պնդումներին, թե իշխանությունը այս նախագծով մաքրագրում է իր բացթողումները Սահմանադրական փոփոխությունների ընթացքում, Գրիգորյանն ընդգծում է, որ այս պահին կատարվող փոփոխությունները ածանցվում են Սահմանադրական փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտել արդեն, տրամաբանական չէր լինի այս փոփոխությունները բերել Սահմանադրական փոփոխություններից առաջ կամ դրան զուգահեռ։

Նշենք, որ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։