Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տաթեւիկ Հայրապետյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ի զորու չէ նույնիսկ այս պայմաններում պետականամետ դիրքերից հանդես գալ․ պատգամավոր (տեսանյութ)

Ալիևը ցույց է տալիս իր բոլոր վախերը, որ ունի ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ և այդ նպատակով փորձում է արժեզրկել և նսեմացնել ժողովրդավարությունը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի անկախության պատմությունը սկզբունքորեն ամոթալի պատմություն է։

Հայրապետյանը կարծում է՝ Ալիևի խոսքերը մի քանի ուղղվածություն ունեին

«Իհարկե, նաև Ադրբեջանի ժողովրդին էր ուղղված, նաև մեր ներսում էր նպատակ հետապնդում դիսկուրսներ հրահրել, փորձում էր տարբեր կողմերի հետ կապված որոշակի շահարկումներ անել, և այդ ամենը տեղ էր գտել իր ելույթում»։

Պատգամավորը շեշտում է՝ երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը և մասնավորապես Ադրբեջանին՝ մենք այդ հարցում ավելի քան միասնական պետք է լինենք։

Այս համատեքստում երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության  վերաբերյալ իշխանական խմբակցության պատգամավորն ասում է

«Սերժ Սարգսյանը դիրքավորվեց որպես նեղ կուսակցական քաղաքական գործիչ, փոքր-ինչ երկար մտածելու դեպքում կարող էր ավելի պետականամետ դիրքերից հանդես գալ»։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, ինչին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ով մասնավորապես ասել էր.

«Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են»:

Հայրապետյանն ասում է՝ Ալիևի նպատակը հենց այն էր, որ Հայաստանում ներքաղաքական շահարկումներ սկսվեն

«Շատ ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը խայծը կուլ տվեց»։ 

Պատգամավորը նաև շեշտում է՝ իսկապես պետք է բոլոր կողմերը որոշակի զգուշավորություն ցուցաբերեին այս կարգի ելույթները մեկնաբանելիս, չպետք է թույլ տալ, որ Ալիևի ելույթները իր նպատակին ծառայեն․

«Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ի զորու չէ նույնիսկ այս պայմաններում պետականամետ դիրքերից հանդես գալ»,- ասաց նա։