Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 25-ը հունիսի․ Երեւանը շատ է հիշեցնում լուսանկարների ցուցասրահի (տեսանյութ)

1992 թվականի այս օրերին Մեղրիի շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, սպասում են աննախադեպ ագրեսիայի։ Շրջանը երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին՝ Զանգելանին եւ Նախիջեւանին։ Շաբաթվա սկզբից Հայաստանի նախագահի հրամանագրով Մեղրիի շրջանում հայտարարված է պարետային ժամ`   երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 6-ը։ Նկարահանումներից առաջ ռմբակոծության է ենթարկվում Հայաստանն Իրանին կապող Արաքս գետի վրա գտնվող ժամանակավոր կամուրջը, որը չի վնասվում։ Իրանցիներն անհանգիստ են։

Հուլիսի 5-ից առաջ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է՝ սպասվում են Ազգային Ժողովի առաջին գումարման ընտրություններ եւ Սահմանադրության հանրաքվե ։ Երեւանն այս օրերին շատ է հիշեցնում լուսանկարների ցուցասրահի։ Լուսանկարներն ամենուր են, որտեղ պատահի։ Նախագահի դեմ բողոքի գործողությունների պակաս նույնպես չկա:

1999-ի այս օրերին Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ Նախարար Հայկ Նիկողոսյանը դա բացատրում է նրանով, որ արդեն 5 տարի հակախոզուկային պատվաստումներ չեն արվել։ Այս տարի ձեռք են բերել 50 հազար պատվաստանյութ, սակայն հիվանդությունն արդեն իր տարերքի մեջ էր, վարակվում են նույնիսկ մեծահասակները , մինչդեռ ընդունված է կարծել, որ այն մանկական հիվանդություն է:

Վայոց ձերի Հերմոն գյուղում ապրում են գրեթե միայն թոշակառուներ։ Երիտասարդները գյուղից հեռացել են աշխատանքի փնտրտուքով: Երեւանում ասֆալտապատվում է ամեն ինչ, նույնիսկ փողոցների կանաչապատ հատվածները ։ Քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետն ասում է, որ փողոցը մաքրում են կեղտից ու փոշուց:

2001-ի հունիսի 26-ին Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ Հայ աստղագետները Տիեզերքում իրենց նյութական հետքն են թողել 1971-ի ապրիլի 19-ից, երբ Սալյուտ-1 տիեզերակայանում տեղադրվեց Օրիոն-1 աստղադիտակը, շնորհիվ որի հայտնաբերվեց 200-ց ավելի թույլ աստղ։ Եվս մեկ աստղադիտակ տեղադրելուց հետո ըստ էության ավարտվում է հայկական կիրառական աստղագիտության պատմությունը՝ փող չկա: Նույն օրը «Գալակտիկա» ընկերության աշխատանքից օրերս ազատված աշխատակիցները Տիեզերքի թանգարանի բացումը համարում են աչքակապություն։ Հենց թանգարանի մոտ նրանք պահանջում են ոտնահարված իրավունքների վերականգնում։ Գալակտիկայի տնօրենը հանգիստ ասում է՝ ես եմ ազատել:

2001-ի այս օրը հրդեհ է բռնկվում «Հաղթանակ» զբոսայգու մերձակա տարածքում ։ Պատճառը տարվա այս ժամանակահատվածի համար բարձր ջերմաստիճանն է՝ ստվերում 37 աստիճան: «Հայռուսգազարդ» ընկերությանը Հայաստանը պարտք է 16 միլիարդ դրամ, որից ավելի քան 7 միլիարդը Նաիրիտինն է ու Երեւանի ՋԷԿ-ինը ։ Պարտատերերն իրականում ավելի շատ են։ «Հայռուսգազարդը» նրանց հետ այլ լեզվով է խոսում:

2009-ի հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում իշխանամետ հայ պատգամավորը զայրացած են Զարուհի Փոստանջյանի նաձեռնությունից՝ մարտի 1-ի զոհերի հարցով նշանակել հատուկ զեկուցող, որի տակ ստորագրել են նաեւ ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներ: «Արմավիայի» գործազուրկ դարձած օդաչուները պատրաստ են ինքնաթիռ նստել վերջին անգամ, ուղեւորի կարգավիճակով որպես հայաստանը լքողներ։ Նրանց ընկերների մի մասն արդեն հեռացել է։ «Արմավիան» գործազուրկ օդաչուներից յուրաքանչյուրին պարտք է մի քանի միլիոն դրամ, 2013-ի հունիսի 25-ին նրանք հերթական անգամ եկել են այդ գումարի հետեւից: