Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I8335
A A
Պաշտոնական

Վարչապետի ելույթն Ազգային ժողովում․ ամբողջական (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին քննարկմանը.

 

 

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահ,

Հարգելի պատգամավորներ,

 

նախ թույլ տվեք առողջություն մաղթել կորոնավիրուսով վարակված մեր բոլոր պատգամավորներին և մեր բոլոր քաղաքացիներին:

 

Ես ավելի շատ  կխոսեմ ոչ թե 2019 թվականի կատարողականի թվային ցուցանիշների մասին, որովհետև արդեն բազմիցս այդ թեմայով խոսել եմ, այլ կխոսեմ ավելի հրատապ, այդ թվում՝ բարձրացված հարցերի մասին:

 

Սկսեմ ժողովրդավարությունից: Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների պատմության ընթացքում՝ գոյություն ունեցած այդ զեկույցի ողջ պատմության ընթացքում, Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրումն է: Այսօր խոսում են խոսքի ազատության սահամանափակումներից: Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ, եթե ոչ՝ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից երեկո, կներեք արտահայտությանս, ինչքան «քաղաքական դիակ» կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ:

Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին, ես, բնականաբար, կոնկրետ դեպքերով չեմ կարող գոնե այս պահին պարզաբանում տալ, եթե կարիք լինի մարմինները կտան պարզաբանումներ: Գիտեք, Ձեր ելույթի ընթացքում ես մտքով գնացի  1999 թ. հոկտեմբերի 27: Գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե դետալներով անձանց աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, էական չէ, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և այդ հրապարակի կենտրոնում դիակ՝ մարդկային դիակ: 

Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ համապատասխան մակագրություն, լույս տեսավ այդ թերթում:  Գիտեք այսօր, եկեք այլ տեսակետից նայենք, նայենք Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա և խոսքի ազատությունն ի՞նչպես է օգտագործվում: Այսօր առավոտյան կառավարության նիստում ես առիթ ունեցա հիշատակել՝ արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, գուցե Ձեր քննադատությանը, մարդու իրավունքների պաշտպանի հորդորներին, նաև այլ հորդորների մենք ականջալուր լինելով, նաև ելնելով այն կանխավարկածից, ասելով, ի վերջո սա համազգային հարց է,  կառավարություն-ընդդիմություն հարց չէ, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները կորոնավիրուսի հետ կապված: Եվ տեսեք, թե ինչ սկսեց դրանից հետո: 

Եվ այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, որ ասում եք՝ ի՞նչ եք սխալ արել, հենց դա ենք արել սխալ, Ձեր հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով, որ հանեք, որ մարդկանց այսօր այդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը, որից մենք չենք պատրաստվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել այդ մասին, մարդկանց մղում են մահվան, ընդ որում մարդկանց մղում են մահվան այդ իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ: Որովհետև գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ Հայաստանում ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքանիրենք ավելի բարձր հնարավորություն կունենա խոսելու: 

Խոսում են թերթերի մասին: Այո՛, ասել ենք և ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ: Որ այդ Ձեր ասած նախկին նախագահ կոչվածներն իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցների՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար: 

Չհասկացա, ինչո՞ւ պետք է կառավարությունը լինի  100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները պետք է չլինեն: Այդ որտե՞ղ է գրված: Այստեղ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով գումարտակներ, դասակներ, 3500 ֆեյք ունեն իրենց տնօրինության տակ, որը ղեկավարվում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից: Ժողովրդավարությունը մեզնից ե՞ք պաշտպանում: Ոչ, մենք ժողովրդավարությունը պետք է պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունն ամենաթողություն չէ: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ: 

Ասում եք քաղաքական հետապնդում: 30 տարի տեսել ենք քաղաքական հետապնդում: Այդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ: Բա մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ: Բա ասեին՝ չէ, չենք կալանավորում: Վիզները կոլորեին հինգ րոպեից, սեղանի տակից դուրս չէին գալիս: Առավոտից երեկո ճամարտակում եք հակակշիռների և փոխզսպումների մասին: Հակակշիռն ու փոխզսպումը չորս ականի տրակտո՞ր է, թե հեծանիվ: Բայց այստեղ կա ուրիշ խնդիր: Պետք  է հասկանանք՝ այդ դատավորներն ովքեր են: Կրկին եմ ասում՝ այո, մենք դատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից հրաժարվում ենք: Բայց դա նշանակում է, որ այդ հին ազդեցության համակարգերը պետք է շարունակեն գործել: Ո՛չ, չեն գործելու: Թող դրսևորվեն: Թող դրսևորվեն և ցույց տանք՝ ով ով է: 

Ասելու ենք, թեինչու մինչև հիմա դատարանների հարցը լուծված չէ: Լուծված չէ մի պարզ պատճառով: Մենք չենք ցանկացել և չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով, խղճով և առանց կողմնակի ազդեցությունների ու հին կոռուպցիոն կապերի, առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկարողանա կայացնել որոշում, այդ դատավորը մեր գլխի վրա տեղի ունի: Այդ դատավորը այս երկրի, այս պետության հենասյունն է: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար և մենք ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար: Եվ ոչ մի բան մեզ չի կանգնեցնի: Եվ իմիջայլոց, ասեմ, Ձեր վկայակոչած դատական ակտում դատարանն առնվազն հիմնավոր կասկածը հաստատել է` որ կա հիմնավոր կասկած:

 

Զարմանում եմ՝ այսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է՝ իշխանությունը չի մտածում: Քաղաքական ուժն ինքնաոչնչավցել է, որովհետև այս ամբիոնից լուրջ դեմքով հերքվում է մի բան,  որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն առանց բազառության: Այսինքն նորությու՞ն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությու՞ն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել, նորությու՞ն է որևէ մեկի համար: Եվ երբ կանգնում ես ամբիոնից՝ ասում մի բան, որը բոլորը գիտեն, և նշում, թե այդպես չէ՝ դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս,  որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռք առնել: 

 

Եվ ասեմ՝ ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում՝ նրանք էլ չեն կարողանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են՝ այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել՝ նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Այո, թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության՝ ժողովրդական հեղափոխության արժեքները: 

 

Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում, չենք նեղանում՝ նեղվում ենք, որովհետև նրանք քննադատում են՝ լավ են անում, որ քննադատում են, ապագան իրենցն է: Այսօր շատ է խոսվում նրա մասին՝ ով է ապագա իշխանությունը, ով է ապագա ընդդիմությունը: Ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այս դահլիճի 100 տոկոսի այն ուժերն են, ովքեր կանգնել են և ժողովրդին վերադարձրել են իշխանությունը: Դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու, որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Ես սա ասում եմ ոչ թե որպես վարչապետ, ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ ես առնվազն մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին, որովհետև մենք մի քիչ ավելի լավ ենք ճանաչում մեր ժողովրդին մյուսների համեմատ: 

 

Եթե այդպես չլիներ՝ մենք չէինք կարողանա այսօր այս կազմով գտնվել այստեղ, որովհետև այն բոլորը, երբ մտածում էին՝ ժողովրդին կոտրել են, վերջնականապես խաբել են, ժողովրդի պայքարի ապրելու կամքը կոտրել են՝ այդ մարդիկ սխալվեցին և հրապարակային խոստովանեցին այդ սխալները: Հիմա էլ, այո, կորոնավիրոսը երկնային մամանայի նման թափվել է նրանց գլխին: Նրանց թվում է, թե այս ինչ լավ էր այս կորոնավիրուսը, վերջապես մենք վերակենդանանալու, այսինքն բացիլը, քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել: Եվ հիմա եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում, այ ժողովուրդ ջան, ախր այդ սոցիալական բունտից, որ խոսում եք՝ դուք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը, որ եղավ՝ մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ է դառնալու, առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, «Բենթլիներն» է դառնալու սոցիալական բունտի զոհ: 

 

Ուզում ե՞ք սոցիալական բունտ՝ հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք այդ սոցիալական բունտի արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որը շատ կարևոր է: Այսօր խոսում են, ասում են՝ ընդդիմությանը ճնշում են և հանրահավաքներն արգելում են: Մի նրբություն չեն արձանագրել՝ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ: Տեսանք ձեր արած հանրահավաքը՝ կես միլիոն դոլար ծախսում եք՝ 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել, կեսին էլ սպառնալով և այլն: Գալիս եք առանց դիմակների կանգնում և ասում եք՝ չկա կորոնավիրուս: Հիմա էլ թևածում է, հիմա էլ պետք է ասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը քցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անել: Հիմա էլ ամաչում են ասեն, որ կորոնավիորսով հիվանդացել են ու հերթով հիվանդանում են այդ ակցիայի մասնակիցները: Հանրահավաք կանենք, այս կանենք, իսկ որ մե՞նք արեցինք հանրահավաք: Դուք մեզ եկել հանրահավաքո՞վ եք վախեցնում, դուք եկեք մեզ փողով վախեցրեք, դուք եկեք վախեցրեք մեզ ձեր թալանելու կարողությամբ, դուք եկեք վախեցրեք մեզ ձեր կրթական ցենզով, վախենալու բան է իրոք: Դուք եկել եք մեզ հանրահավաքո՞վ վախեցնում, այ քեզ բան: Այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը՝ իջնող կա: 

 

Քրեական գործերի մասին. հիմա էլ ասում են՝ եթե այդ խուզարկությունը եղել է փետրվարին՝ ինչո՞ւ մինչև հիմա պատշաճ քննություն չի արվել: Ես էլ եմ այդ ասում՝ ո՞վ է ասել, թե այդ հարցը դուք եք տալիս, այդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին: Եվ այդ հարցը պետք է պարզաբանվի ու այն պարզաբանվել է: Այդ հարցի պարզաբանման արդյունքում է, որ նաև կայացվել են կոնկրետ որոշումներ: Բայց ես տարիուկես ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը, հենց դրա մասին ենք ասում: Չհասկացա՝ կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն, այն մեկն էլ, մի հոգի էլ կա՝ այն մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, «կուխնիայի» սեղանի տակից դուրս չեմ գալիս: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ: Դու դեռ «կուխնիայից» դուրս արի՝ նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր: 

 

Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ վերադառնալ 2019 թ. բյուջեի ամենաչկատարվածին՝ դա կոռուպցիոն գումարների վերադարձն է: Ընդ որում, առաջին հերթին անվտանգության ոլորտի հետ առնչություն ունի, որովհետև ես նախընտրական շրջանում ասել եմ, որ առաջիկա տարիներին մենք պետք է 1.5-2 մլրդ դոլար ի վիճակի լինենք դնել Զինված ուժերի և մեր անվտանգության բարձրացման վրա, ու այդ գումարները պետք է գոյանան կոռումպացված, գողացված գումարների վերադարձից: Այս ամենի մեջ ուրիշ բան մի փնտրեք, այս ամեն ինչի հիմքը և անկյունաքարը սա է: 

 

Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսվի կիրառվել: Կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով, բայց ունենք նաև իրավական բնույթի խնդիրներ, որոնք հիմա պետք է փորձենք լուծել, դա օրենսդրական է, դա նախադեպային է: Իմիջայլոց ասեմ, այդ խնդիրները մինչև հիմա գոյություն ունեն, օրինակ փողերի լվացման հոդվածի հետ կապված մինչև հիմա գոյություն ունեն Եվրամիությունում, ամբողջ աշխարհում: 

 

Հիմա ամբողջ աշխարհում դատական պրակտիկա է փոխվում, որպեսզի այս ուղղություններով գործերը հնարավորինս առաջ գնան: Եվ հիմա նրանք ի՞նչ են անում, ձևը գտել են, ուզում են մեզ ներքաշեն մի անիմաստ խոսակցության մեջ: Մենք ասում ենք, օրինակ, Ձորահէկը գողացել եք՝ Սերժ Սարգսյանի ընտանիք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլթոն» հյուրանոցը, «Օպերա Սուիթ» հյուրանոցը ձերն է: Հայաստանի լրատվական դաշտի սեփականատերերից ըստ էության զոռով խլել եք «Արմենիա», «Շանթ» և այլ հեռուստաընկերություններ: Մենք ասում ենք, որ ընտրությունների կեղծման համակարգ է գոյություն ունեցել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել, սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած էկզիթ փոլերով, նաև կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով: 

 

Երբ ասում էին այս ինչ տեղամասում ընտրակեղծիք է՝ Հայաստանի բոլոր լրագրողներն ու դիտորդները վազում էին այնտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքից մշակված ծրագիր և պլան է եղել, որ բոլորին կենտրոնացնեն ենթադրենք 1/04 տեղամասում, իսկ 05, 06, 07, 08, 09-ում այդ ընթացքում «շաղգամն իր գործը անում էր»: Ու դա ո՞նց է բեմադրվել, եղել է, որ ուրիշի անձնագրով քվեարկության փորձ է արել և ընտրակեղծարարը բռնվել է ուրիշի անձնագրով քվեարկության փորձի ժամանակ: Բնականաբար, բոլոր դիտորդները՝ միջազգային, տեղական, գնում են այնտեղ և վերջում ի՞նչ է պարզվում, որ 50-ամյա քաղաքացին սխալմամբ վերցրել է կնոջ անձնագիրը ու այդ 50-ամյա քաղաքացու անուն ազգանունը նախապես որոշված է եղել հանրապետականի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից: Ասել են՝ ուրեմն քաղաքացի ջան, այսինչ օրը պատահաբար այսինչ ժամին պատահաբար կվերցնես ոչ թե քո, այլ կնոջդ անձնագիրը՝ կգնաս, կտաս: Հետո աղմուկ աղաղակ կլինի, բեմադրությունը կտևի մեկ ժամ, մինչև մյուս տեղամասերում հարցերը լուծենք: 

 

Հիմա ի՞նչ են մեզ ասում, ահա դուք մաքսանենգություն եք անում ու գնալով կոնկրետանում են իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք և այլն, այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը, քանի որ հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը: Հիմա քանի որ նրանք ուզում են հեղափոխություն անել,  ուզում են, որ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն, չարժի այդ բառը ասել Ազգային Ժողովից, իրենց նման «եխկելի» կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի, որովհետև ֆիլմերից մեջբերումներ անել երևի այս ամբիոնից ընդունված չէ, բայց մի շատ հայտնի ռուսական ֆիլմ կա, շատ հայտնի նախադասությամբ, ասում է ՝ «ты думаешь в деньгах сила, нет в правде сила», այսինքն մտածում ես փո՞ղի մեջ է ուժը, ոչ՝ ճշմարտության մեջ է ուժը: Եվ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգը, բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլացիայի, որովհետև մեր թիկունքում, մեր  մտքում և մեր սրտում կա միայն մի բան և այդ մի բանը ճշմարտությունն է, և մենք այդ ճշմարտության հետևից քայլելով ենք եկել, հասել այստեղ: 

 

Մենք շարունակելու ենք մեր քայլը ճշմարտության ճանապարհին, ափսոս որ շատերն այդ ճանապարհի հետ են մնացել, հետ են մնում և հետ կմնան անդառնալիորեն և անվերադարձ: 

 

Սիրելի հայրենակիցներ, 

 

այո, 2020 թ. Հայաստանում կա մեկ ճգնաժամ, դա կորոնավիրուսի ճգնաժամն է, մնացած բոլոր ճգնաժամերը բխում են դրանից: Մենք որ պահին այս ճգնաժամը լուծենք, մյուսները ինքնաբերաբար շատ արագ վերադառնալու են իրենց, ոչ միայն ելման կետ, այլ շատ ավելի առաջ: Ես կրկին ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում  կորոնավիրուսի համաճարակ է, և ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը և որ շատ կարևոր է, մենք բոլորս մաքսիմալ լծվենք այս գործին, պատգամավորները, կառավարության անդամները,  պետական հիմնարկների աշխատողները, հասարակական կազմակերպությունները:  

 

Այսօր այնպիսի իրավիճակ է, որ մեզնից յուրաքանչյուրն իր օրվա 10, 20, 30 րոպեն, մեկ ժամը  պետք է անպայման նվիրի կորոնավիրուսի դեմ պայքարին: Վերջերս ինձ հետաքրքրեց և  խնդրեցի տեղեկանք տալ, թե որ ընդդիմադիր ուժերն են և ինչ ծավալով են, որ նրանք այս ընթացքում հանդես են եկել հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչերով գոնե մի անգամ և նրանք, ովքեր հանդես են եկել: Այդ տեղեկանքը A4 ֆորմատի թղթի 1/5 հատվածով էր միայն զբաղված, մյուսները հակառակը, սպասում են, որ կորոնավիրուսն աճի, որ ինքը բարգավաճի: 

 

Շնորհակալություն»