Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալվինա Գյուլումյան
A A
Քաղաքականություն

«Չգիտեմ՝ ինչ են ընդունում, ինչ փնթիությամբ են աշխատում»․ Ալվինա Գյուլումյանը՝ իր քայլերի մասին

ՍԴ դատավոր, ԱԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն ասում է՝ դեռ չգիտի՝ ինչ են հայտարարում իշխանությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ 

Օրինագծերից մեկի համաձայն՝ նախագահն այլևս չի ստորագրում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ մյուսով՝ դադարեցվում են 12 տարուց ոչ պակաս պաշտոնավարած ՍԴ երեք դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահի։

«Ա1+»-ի հետ զրույցում Գյուլումյանն ասաց․

«Հայտարարությունները ո՛չ օրենք են, ո՛չ իրավական ակտ։ Տեսնենք՝ ինչ կանեն, նոր ըստ այդմ՝ պարզ կլինի»,- նշեց ՍԴ դատավորը։

Դիտարկմանը, որ ենթադրենք՝ լիազորությունները դադարեցված դատավորները դիմում են վարչական դատարան, և դատարանի դիմելուց հետո սկսված գործընթացի ժամանակ կշարունակե՞ն պաշտոնավարել դեռևս, թե՞ ոչ, պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել «Ես դիմում եմ, ենթադրվում է, որ շարունակում եմ, բայց ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես չգիտեմ, թե ինչ են ընդունում, ինչ փնթիությամբ են աշխատում։ Պարզ կլինի, կասեն, կիմանանք՝ ընթացակարգերն ինչպիսին են»։

ՍԴ փոխնախագահի խոսքերով՝ պետք է պարզ լինի, թե ինչ ակտով են իշխանությունները ՍԴ դատավորներին ասելու՝ «գնացե՛ք»։ 

«Սահմանադրությունն ընդունեցին, «ես այսպես եմ մեկնաբանում», «նա այնպես է մեկնաբանում», հետո՞։ Մի խոսքով՝ ես այս պահին չեմ կարող ասել ո՛չ իմ անելիքը, ո՛չ ասելիքը, ո՛չ էլ իրենցը։ Ամեն դեպքում ինչը որ ես երեկ ասել եմ, մնում եմ իմ դիրքորոշմանը»,- եզրափակեց ՍԴ դատավորը։ 

Ավելի վաղ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր,  որ վաղը արդեն ստորագրված փոփոխություններն ուժի մեջ կլինեն, հնարավորություն կտան Ազգային ժողովի նախագահին հրապարակել Սահմանադրության փոփոխությունները և հաջորդ օրը դրանք ուժի մեջ կլինեն։ «Եվ երեք դատավորի լիազորությունները կդադարեցվեն և Սահմանադրական դատարանի նախագահն այլևս չի շարունակի պաշտոնավարել»,- նշել է Բադասյանը։ 

Նշենք, որ երեկ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալվինա Գյուլումյանն ասել էր, որ օրենքն իրեն չի կարող վերաբերել, և պատրաստ է դիմել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։