Գյուղը դատարկվում է ու ծերանում
Աջակցիր «Ա1+»-ին«Գյուղում էլ ջահել չկա, թոշակառուներով ենք մնացել։ Մենք էլ բաղ-բոստան ենք մշակում, հավ ու կով պահում»,- ասում է տիկին Էվելինան։
Նա Սյունիքի մարզի Շրվենանց գյուղում բնակվում 1992թ-ից, եւ ցավով նշում է, որ գյուղի կյանքը շատ է փոխվել. Երիտասարդները քաղաք են տեղափոխվում, գյուղն էլ կամաց-կամաց դատարկվում է։
Շրվենանցում այսօր ընդամենը 22 լույս է վառվում: Այդ ընտանիքներից միայն 2-ն է երիտասարդ։
Գյուղամեջն էլ է փոխվել. խանութն արդեն չի գործում, միայն բուժկետն է մնացել։ Գյուղացին չի վախենում գործից. նրան մտահոգում է այն, որ աշխատատեղ չկա։
Շրվենանցում մյուս կարեւոր խնդիրն էլ ոռոգման ջրի հարցն է։ Գարնանը ջրի պակաս չի լինում, լեռներից հալվող ձյունը ապահովում է ջրի պաշարը, իսկ ահա ամռանը գյուղացին պարզապես անկարող հայացքով նայում է իրենից ջուր խնդրող հողին։
«Հսկա հողամաս ունեմ, բայց ջուր չկա: Այս վիճակից թեւաթափ ես լինում»,- ասում է Նունե Վարդանյանը։
Իսկ չլուծով խնդիրների պատճառով Շրվենանցում շատանում են փակ դռներով տները։ Գյուղում մնացողն էլ ցավով, երբեմն ափսոսանքով է նայում գնացողի հետեւից։
Կապանի «Սոսի» ՀԸ