Մեր տնտեսվարողները բավականին երկար ժամանակ են ունենալու պատրաստվելու․ Հայկ Մարության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս փուլում այս փոփոխություններին գնալը որքանո՞վ է իրատեսական և իսկապես կարեւոր, հա՞, այս փուլի մասին է խոսքը»,- Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիսիմե Առաքելյանը Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանից հետաքրքրվեց՝ անդրադառնալով Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող օրենսդրական նոր պահանջներին
Սակայն հարցին պատասխանեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այս ամենը այս փուլում չի մտնելու ուժի մեջ։ Եթե ես չեմ սխալվում, կուղղեք պարո՛ն Սաֆարյան, դա մտնելու է 2021 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ մեր տնտեսվարողները բավականին երկար ժամանակ են ունենալու պատրաստվեն, այս ամեն ինչին ընտելանան»,- նշեց Մարությանը։
Խաժակյանի հարցը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Շրջիկ առևտրի կետերին վերաբերող օրենսդրական նախագծի «թունդ ալկոհոլային խմիչքներ» ձևակերպման բացատրության վերաբերյալ հարց ուղղեց Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին, ինչպես նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք գարեջուրը համարվում է այդպիսին։
Սաֆարյանն ասաց, որ ալկոհոլային խմիչքների դասակարգումը կատարվում է օրենսդրությամբ, և եթե չի սխալվում՝ 40 գրադուսից բարձրի դեպքում է խմիչքը համարվում թունդ ալկոհոլային։ «Կա սահմանազատումը հստակ։ Եվ ավելի ցածր գրադուսով ալկոհոլային խմիչքների վաճառքը չի արգելվում»,- նշեց նա։
Ընդունվեց
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ որոշվեց շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձել 30 000 ՀՀ դրամ: