Բացել լրահոսը Փակել լրահոսը
86i2AGM7RuNnOgH0
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն կդիմի Սահմանադրական դատարան․ «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին չեն միանա (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, սակայն միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, որպեսզի չդիտարկվի միջամտություն այդ գործին:

Այսինքն՝ ԼՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին չի միանալու: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հետ քննարկել են, ժամկետների առումով ԲՀԿ-ն խնդիր չի տեսել:

Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ Սահամանադրական դատարանի վերաբերյալ ընդունված նախագիծը եղել է Սահմանադրության խախտմամբ.

«Սահմանադրական փոփոխությունները, երբ ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև երկրորդ ընթերցումը անպայման պետք է ուղարկվեն Սահմանդրական դատարան եզրակացության համար: Սա կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ»:

Ըստ Սիմոնյանի՝ սա ակնառու խախտում է և անպայման պետք է քննության առարկա դառնա: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ խախտում է նաև այն, որ Հանրապետության նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից. «Ազգային ժողովի մեկ խմբակցությունը իր որոշմամբ մեկ այլ՝ Սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձել»:

Նշված հարցերի առնչությամբ ընդդիմադիր խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան:

Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ընդունված օրինագիծը վերաբերելու է ՍԴ երկու անդամներին և Ալվինա Գյուլույանի վրա չի տարածվելու, նաև համոզմունք է հայտնում, որ պաշտոնանկ արված դատավորները իրավական բոլոր ընթացակարգերով վերականգնվելու են իրենց պաշտոններում, քանի որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել: