«Շատերի համար «Ա1+»-ը բաց է»
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը լրանում է 8 տարին, ինչ եթերազրկվեց «Ա1+»-ը: Չնայած տեղական եւ միջազգային կազմակերպությունների հորդորներին' առայժմ հնարավորություն չի տրվել հեռուստաընկերությանը վերադառնալ եթեր:
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
-1998թ իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանն իր առջեւ խնդիր էր դրել վերահսկել հասարակական, քաղաքական դաշտն ամբողջությամբ, իսկ առաջին հերթին լրատվական դաշտը: Դա ակնհայտ երեւում էր: Բայց երբ տեսավ, որ դա այնքան էլ չի ստացվում, հատկապես «Ա1+»-ի գոյության պարագայում, նա գնաց ուժային քայլի' փակեց «Ա1+»-ը, որպեսզի ցույց տա մեր ամբողջ հասարակությանը, որ ինքն է տերն ու տիրակալը: Ինքը գալիս էր խորհրդային անցյալից' իր հետ բերելով ամենաճղճիմ, ամենաճահճային, ամենացածր մակարդակը, չէ, որ նա խորհրդային տարիներին բարձր պաշտոնյա չի եղել: Եվ նա հաստատեց իր պատկերացրած դիկտատուրան, ոչ թե դիկտատուրա, այլ իր պատկերացրած դիկտատուրան, իսկ դա փակելն է, ճնշելն է, խաբելն է:
«Ա1+»-ի փակումը փաստորեն դարձավ այն կետը, որից կարող ենք հաշվել ըստ էության մեր խոսքի ազատության սահմանափակման իրական օրը. ապրիլի 1-ին մենք ծիծաղեցինք, ապրիլի 2-ը հայտարարվեց խոսքի ազատության վերջ: Դա չի նշանակում, որ մարդիկ չեն արտահայտվել ազատ. արտահայտվել են եւ արտահայտվում են, բայց փակված «Ա1+»-ի պարագան ինքնին իր կնիքն է դնում ցանկացած ազատության վրա:
Բայց «Ա1+»-ն իր փակված 8 տարիների ընթացքում շարունակել է լինել մեր իրականության մեջ' իր էջով, իր թերթով, իր լրագրողներով, իր ակտիվությամբ: Այսինքն, ըստ էության, 21-րդ դարն ապացուցեց, որ ազատ մամուլ փակելու երազանքներ իշխանությունները կարող են ունենալ, բայց փակել վերջնականապես չեն կարող. դա հնարավոր էր 18-րդ, 19-րդ դարերում, բայց հիմա ուրիշ ժամանակներ են եւ դրա ապացույցը մարտի 1-ն է, երբ չնայած հայտարարված արտակարգ դրությանը եւ մամուլի սահմանափակումներին' տեղեկատվությունը ճանապարհներ գտնում էր դուրս գալու համար:
-Այսօր չկա Ռոբերտ Քոչարյանը, այսօր Հայաստանը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, եւ չնայած ՄԻԵԴ վճռին, ԵԽԽՎ բանաձեւերում «Ա1+»-ը բացելու հորդորներին, խնդիրը չի լուծվում, ինչո՞ւ:
-Ես փոքր-ինչ համաձայն չեմ ձեւակերպման հետ, չկա Ռոբերտ Քոչարյանը, կա Սերժ Սարգսյանը: Իրականում նրանք երկուսն էլ չկան, կա «Քոչարյան. երեւույթը' Սերժ Սարգսյանի տեսքով, Ռոբերտ Քոչարյանի տեսքով, չգԻտեմ էլ ինչ ցածրորակ «փակողի» տեսքով: Այսինքն, իրենք կան, իրենց էությանը կա, իրենք անձնագրով չկան, բայց երևույթը կա, ըստ որի չպետք է լինի ՀՀ-ում ազատ հեռուստաընկերություն կամ ցանկացած թերթ, որ կփորձի իրեն անկախ պահել, պիտի ճնշված վիճակում լինի: Այդ խնդիրն իրենց առաջ դրված է եւ իրենք լուծում են խնդիրը' անկախ Քոչարյանից:
-«Ա1+»-ի փակումը ձեր կարծիքով քաղաքակա՞ն խնդիր էր:
-Իհարկե, առաջին հերթին հենց քաղաքական խնդիր էր, դա նշանակում էր ամայացնել հասարակական-քաղաքական դաշտը, քաղաքական կազմակերպություններին դուրս քշել ընտրողի բնակարանից: Երկրորդ հերթին անձնական էր, մարդիկ անձնական խնդիր էին լուծում, ինչպես կարող է մի փոքրիկ հեռուստաալիք ՀՀ իշխանության կամ այսպես կոչված նախագահի մասին ոչ հաճելի լուր հաղորդել: «Պլինտուսից ցածր» մակարդակով մտածողների պատկերացմամբ, եթե ես նախագահ եմ, ուրեմն բոլորն ինձ պետք է գովեն, եթե մեկը քննադատում է' պետք է փակվի: Եթե լինեինք ուրիշ ժամանակաշրջանում, փակելու փոխարեն կարող էին եւ գնդակահարել:
-Ի՞նչ քաղաքական հետեւանք ունեցավ «Ա1+»-ի փակումը:
-Ցանկացած քաղաքական կազմակերպություն, եթե ընդդիմություն է եւ ուզում է իշխանության գալ ընտրությունների միջոցով, նրա համար կարեւորագույն զենք է ազատ հեռուստաընկերությունը: Դա հասկանալով է, որ իշխանությունները վերջին տարիներին թվում է, թե ստիպված պետք է բացեին «Ա1+»-ը եւ չեն բացում, դա է պատճառը, որ հիմա էլ խոչընդոտներ են հարուցում եւ դեռ կհարուցեն, որ չբացվի, որովհետեւ քաղաքական դաշտը դառնում է ավելի գունեղ, հստակ, հասարակությանն ավելի մոտ են լինում քաղաքական գործիչները, հնարավորություն են ունենում իրենց մտքերը հասցնել ցանկացած բնակարան, գոնե Երեւան քաղաքի սահմաններում: Այս առումով քաղաքական դաշտը կորցնում է իր զինանոցի ամենակարեւոր զենքը:
-Իսկ կարծո՞ւմ եք' մեր հանրությանը ազատ մամուլ պե՞տք է:
-Իհարկե, ցանկացած հասարակություն, այդ թվում եւ մեր հասարակությունը ազատ ինֆորմացիա ստանալու կարիք եւ անհրաժեշտություն ունի, բոլորն ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում իրականում: Այն հարցը, որ փողոցում մարդիկ տալիս են իրար' ինչ կա, չկա, հենց դա է: Աշխարհի բոլոր անկյուններում «ինչ կա-չկա» հարցը կա: Աշխարհի բոլոր մարդիկ ուզում են ունենալ այդ հարցի պատասխանը, բայց ազատ ու անկախ հեռուստաընկերությունից, հուսալի աղբյուրից, ճշմարտությունը հնարավորինս մոտ ինֆորմացիա են ուզում ունենա: Դա շատ բնական եւ տրամաբանական է:
-Իսկ ե՞րբ կվերանա ազատ խոսքի սահմանափակման խնդիրը մեզանում:
-Երբ մեր հասարակությունը դառնա ազատ, ինչն անպայման լինելու է, մենք գնում ենք այդ ճանապարհով:
-Դա տեսանելի՞ ապագայում է:
-Մի ժամանակ ես կարծում էի, որ ոչ, տեսանելի ապագայում այդ խնդիրը չի լուծվի, բայց այժմ հակառակ կարծիքին եմ, շատ մոտ ապագայում խնդիրը կլուծվի:
-Այսինքն, «Ա1+» հեռուստաընկերությունը կարծում եք կբացվի՞ այս տարի:
-Կարծում եմ, այո, չնայած ամեն անգամ, երբ մարդը մտնում է «Ա1+»-ի ինտերնետային էջ, որպեսզի ռեալ, իրական ինֆորմացիա տեսնի, արդեն իր համար բացվում է «Ա1+»-ը: Էջի այցելուների համար «Ա1+»-ը բաց է, իսկ այցելուները շատ են, այսինքն, շատերի համար «Ա1+»-ը բաց է, իսկ ողջ հասարակության համար այն հաստատ կբացվի: