Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կրթությունը վատ վիճակում է, և դրա մասին են խոսում թվերը»․ քննարկում (տեսանյութ)

«Այս երկու տարվա մեջ ավելի շատ լսվել են տարբեր մտքեր, կարծիքներ, գաղափարներ, և մտադրություններ են հայտնվել կրթությունը բարեփոխելու մասին, քան իրական որևէ բան է արվել։ Կամ եթե նույնիսկ արվել է, ապա այդքան էլ առայժմ չի երևում այն, ինչ արվել է»,- կրթության ոլորտին վերաբերող առցանց քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ, կրթության ոլորտի փորձագետ Լուսինե Խառատյանը։ 

Ըստ ազգագրագետի՝ կրթությունը վատ վիճակում է, և դրա մասին են խոսում թվերը, պրոֆեսլիանալիզմի պակասը, որը երևում է կառավարությունում։

Կրթության փորձագետ, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ կրթության ռեֆորմի ալգորիթմը ճիշտ չենք աշխատեցնում, իսկ հեղափոխությունից հետո կրթական ոլորտին վերաբերող երեք մակարդակով վերլուծություն պետք է արվեր, որից հետո ֆիքսվեր, թե ինչ չի կարելի անել, ինչն ենք շարունակում, ինչն ենք այլ որակով անում։

«Ինձ համար հասկանալի չէ, թե ով պետք է անի այս ռեֆորմը։ Այսինքն՝ ռեֆորմ անելու համար դու պետք է ունենաս որոշակի ինստիտուտներ։ Հիմա բնական է, որ միայն նախարարությունը (ԿԳՄՍ - հեղ․) դա չի կարող անել, որովհետև նախարարությունը շատ դեպքերում զբաղված է ընթացիկ հարցերով, «հրդեհներ մարելով», աշխատողներն այլ պատրաստվածություն ունեն։ Այս տեսակի ռեֆորմներ անելու համար քեզ պետք են այսպես կոչված ուղեղային կենտրոններ, որոշակի ինստիտուտներ, ընդ որում՝ դրանք չպետք է լինեն երկու, երեք, չորս ամսով հավաքվող ինչ-որ ժամանակավոր փորձագիտական խմբեր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Վերջինիս խոսքերով՝ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում է բազմաթիվ գիտական ծրագրեր, նախագծեր և այլն, «բայց որտե՞ղ է այն ֆինանսավորումը, որ պետք է հենց կրթությանը, գիտությանը նպաստի»,- հարցադրում արեց Խաչատրյանը։

«Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ բավարար ուշադրություն չի դարձվում կրթական համակարգին։ «Տեսեք, մենք հիմա պայքարում ենք հետևանքների հետ։ Խոսում ենք, օրինակ, իրավական համակարգի չգործելու մասին, բայց մոռանում ենք, որ այդ ֆակուլտետները, որտեղ կրթվել են այդ իրավաբանները, դեռևս շարունակում են նույն ձևով գործել»,- ասաց Սողոմոնյանը։

Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում կա մոտ 380 հազար աշակերտ, 38 հազար ուսուցիչ, և եթե խորամուխ չենք լինում հովանավորչական երևույթների վերացմանը, որոնք գործում են կրթական համակարգում, շարունակում ենք սնել այդ համակարգի արմատը։ «Եվ եթե մենք երկու-երեք տարի հետո հանկարծ անակնկալի գանք, թե «այս ինչպե՞ս եղավ, որ մարդիկ վերադարձան հին մտածողության», պետք չէ զարմանալ»,- ընդգծեց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում