Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rostov
A A
Սպորտ

Կարևորը ֆուտբոլիստների առողջությունն է, ոչ թե երեք միավորը. Արտաշես Հարությունյանց

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մասնակից «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը մեկնաբանել է առաջնության 23-րդ տուրի «Սոչիի» հետ խաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ռոստովյան ակումբի 6 ֆուտբոլիստներ, այդ թվում հայազգի Խորեն Բայրամյանը, վարակվել են կորոնավիրուսով:

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավարությանը կառուցողական մոտեցման համար: Ակումբը կատարել է Ռուսաստանի պետհսկողության պահանջը և ֆուտբոլիստներին ուղարկել է կարանտինի: Պատկերացնում եք, ինչ կլիներ, եթե մեկնեինք Սոչի, և թիմից մեկնումեկը վարակվեր վիրուսով:

Դրա համար դիմել ենք ֆեդերացիայի ու Պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը խաղը պահեստային օր տեղափոխելու խնդրանքնով: ՌՖՄ-ը համաձայնել է մեր առաջարկի հետ՝ պայմանով, որ «Սոչին» դեմ չի լինի խաղի տեղափոխմանը: 

Մենք չենք ցանկանում գնահատական տալ կամ մեկնաբանել մրցակից ակումբի կայացրած որոշումը: Դա թողնում ենք իրենց խղճին: Կարևորը մեր և մրցակից թիմի ֆուտբոլիստների առողջությունն է, ոչ թե երեք միավորը», - ասել է «Ռոստովի» ղեկավարը:

Նշենք, որ հանդիպումը պետք է կայանա վաղը, հուլիսի 19-ին: «Ռոստովը» 22 տուրից հետո վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Սոչին» 24 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում: