Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիչը ընդհատեց հաղթարշավը

Սպորտ

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդը» ՈԻԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվեց Գերմանիայի «Բավարիային»` 1:2: Այդպիսով ընդհատվեց մանչեսթրցիների տպավորիչ սերիան, քանի որ նրանք մինչեւ Մյունխենյան սայթաքումը 17 եվրոպական հանդիպումներում պարտություն չէին կրել, ընդ որում` մրցակիցների հարկի տակ 6 անընդմեջ հաղթանակներ էին տոնել:

«Մանչեսթր Յունայթեդի» հաղթարշավը ընդհատեց «Բավարիայի» խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը, որը վճռորոշ գոլը խփեց մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին:

Սակայն «Մանչեսթր Յունայթեդը» եւս մեկ կորուստ կրեց` հանձինս թիմի առաջատար հարձակվող Ուեյն Ռունիի, որը խաղի վերջին րոպեին վնասվածք ստացավ եւ ստիպված 10 հոգով թողեց իր թիմին (անգլիացիներն այդ պահին արդեն կատարել էին երեք փոխարինումները):

«Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խաղից հետո հույս հատնեց, որ սեփական հարկի տակ իրենց կօգնի մրցակցի դաշտում խփած գոլը, իսկ ահա «Բավարիայի» նրա գործընկերը` հոլանդացի մասնագետ Լուիս վան Գալը նշեց, որ իր թիմն էլ ավելի լավ է հանդես գալիս մրցակիցների հարկի տակ:

Երեկ կայացած երկրորդ խաղում ֆրանսիական «Լիոնը» իր խաղադաշտում հաղթեց այդ երկրի երկրորդ ներկայացուցիչ «Բորդոյին»` 3:1:

Այսօր տեղի կունենան այս փուլի մնացած երկու հանդիպումները: Միլանում տեղի «Ինտերը» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսկ Լոնդոնում «Արսենալը» կհյուրընկալի գործող գավաթակիր «Բարսելոնային»: