Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պարտեզ ռեստորան
A A
Հարցազրույց Հասարակություն

«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով Նվեր Ծառուկյանը վկայի կարգավիճակ ունի․ մանրամասներ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին) տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ա1+»-ի հարցերին է պատասխանել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Տիկի՛ն Եգանյան, Նվեր Ծառուկյանն («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին) ի՞նչ գործով է հարցաքննվել, ի՞նչ կարգավիճակով։ Եթե մեղադրյալ է, ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Ի՞նչ մանրամասներ եք կարող հայտնել։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանը ունի վկայի դատավարական կարգավիճակ: Վարույթն իրականացնող մարմինը նրան հրավիրել է հարցաքննության, սակայն վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ նա առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ:

Այս գործով քանի՞ մեղադրյալ, կասկածյալ, վկա և տուժող կա ճանաչված։ Ի՞նչ բնույթի մեղադրանքներ կան առաջադրված, և նույն դեպքով ի՞նչ այլ գործեր կան հարուցված։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Անջատված մասով 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Անջատված մասով մեղադրյալներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2 անձի նկատմամբ՝ գրավ: Քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, իսկ 6  անձ ճանաչվել է որպես տուժող:  

Ի՞նչ զարգացումներ կան գործով, գործն ի՞նչ փուլում է։

Քրեական գործով 15 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:

Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից ովքե՞ր են հարցաքննվել, Գագիկ Ծառուկյանի ազգականներից ովքե՞ր են հարցաքննվել։ Բացի նախկինում տարածած հաղորդագրությունից՝ դեպքի մանրամասների վերաբերյալ ի՞նչ եք կարող փոխանցել նկատի ունեմ, թե յուրաքանչյուր կողմից ովքեր են եղել, քանի հոգի են եղել, ովքեր են նախահարձակ եղել, որ կողմն է առաջինը կրակել կամ հարվածել կամ հայհոյել, նախկինում տարածած հաղորդագրության բովանդակությունից տարբերվող նոր հանգամանք կամ փոփոխված հանգամանք կարո՞ղ եք հայտնել։

Քննությամբ պարզվել է, որ «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքին նախորդել է Աբովյան քաղաքում գործող ավտոդողերի նորոգման կետի մոտ անվոդողերն օդով լիցքավորելու հարցի շուրջ ժամեր առաջ ծագած վիճաբանությունը, որը վերաճել է խուլիգանական գործողությունների, ինչը հետագայում շարունակվել է ռեստորանի մոտ: Ինչ վերաբերում է  Մելիք Մանուկյանի, Գագիկ Ծառուկյանի ազգականների հարցաքննությանը, ապա տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է, և շարունակվում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ, ուստի՝ նախաքննության շահերից ելնելով, քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն: