Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե կա կասկածի գեթ նշույլ, ապա քննիչ հանձնաժողով պարտադիր պետք է ստեղծեն. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ասում է՝  եթե կա կասկածի գեթ նշույլ, ապա քննիչ հանձնաժողովը պարտադիր պետք է ստեղծեն.

«Պետք է նախ հասկանանք՝ որտեղ են սխալվել, ինչ խնդիրներ կան, կան խնդիրներ, թե չկան։ Եվ եթե չկան, ապա փարատվի այն կասկածները, որոնք ամիսներ շարունակ շրջանառվում են: Ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ նաև անհրաժեշտություն է դա»:

Առողջապահության նախարարության գործունեության հետ կապված, օրինակ, պատգամավորը կարծում է, որ որոշակի ճկունության բացակայություն կա:

«Եթե քաղաքական առումով ենք գնահատում, ապա իհարկե կային բացթողումներ, ինչին հետևեց պարոն նախարարի ելույթը, ներողություն խնդրելը և այլն: Բայց կարծում եմ, որ դրանից հետո այդ խնդիրները պետք է վերացվեն»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ այս օրերին կատարվող իրադարձություններին, պատգամավորն ասում է՝ համընկնումների խնդիր կա, բայց իրավապահ մարմինների գործողությունների մեջ որևէ մեկը դեր չունի, մինչդեռ այսօր Հայաստանում յուրաքանչյուր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործընթացի տրվում է քաղաքական պիտակ:

Անդրադառնալով այս օրերին ոստիկանության գործողություններին և ԱԱԾ շենքի մոտ լրագրողների մասնագիտական գործունեության ընթացքում ստեղծված խոչընդոտներին և նրանց ստացած վնասվածքներին՝ պատգամավորն ասաց, թեև կադրերը չի տեսել, բայց կարծում է,որ սա բավականին լուրջ խնդիր է, և իրավապահ մարմիններին պետք է կոչ անել այս առումով գործել բացարձակ  օրենքի շրջանակներում: