Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտը «ՄանՅուն» է

Սպորտ

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին երկու հանդիպումները: Մյունխենում տեղի «Բավարիան» կհյուրընկալի «Մանչեսթր Յունայթեդին», իսկ Լիոնում համանուն թիմը կհանդիպի «Բորդոյի» հետ: Այս մրցամարտերից բոլոր առումներով կենտրոնական է համարվում «Բավարիա» - «Մանչեսթր Յունայթեդ» հակամարտությունը:

1999 թ երկու թիմերը միմյանց հետ հանդիպել են այս մրցաշարի եզրափակիչում: Այդ խաղն հայտնի է նրանով, որ «Բավարիան» չնայած մինչեւ 89-րդ րոպեն հաղթում էր 1:0 հաշվով, սակայն ի վերջո պարտություն կրեց, քանի որ մանչեսթրցիները 90 վայրկյանում երկու գոլ խփեցին: Եվրոգավաթներում թիմերը ընդհանուր առմամբ անցկացրել են 7 խաղ, որից 2-ն ավարտվել է «Բավարիայի», իսկ մեկը`«Մանչեսթր Յունայթեդի» հաղթանակով:

Հարկ է նշել, որ «Բավարիան» 2001 թ հետո, երբ տիրացավ պատվավոր մրցանակին, այլեւս չի կարողացել հաղթահարել 1/4 եզրափակիչի արգելքը, իսկ «Մանչեսթր Յունայթեդը», հակառակը, չորս տարի շարունակ մտել է կիսաեզրափակիչ, իսկ վերջին երկու տարիներին հասել է մինչեւ եզրափակիչ:

Խաղից առաջ մյունխենյան ակումբում անընդհատ սկանդալներ են ծագում: Թիմի հարձակվող Միրոսլավ Կլոզեն քննադատել է իր թիմակիցներ Արիեն Ռոբենին եւ Ֆրանկ Ռիբերիին` նշելով, որ նրանք հաճախ են տարվում անհատական խաղով եւ միշտ չեն փոխանցում կատարում ավելի հարմար դիրքերում գտնվող խաղընկերներին: Իսկ խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը դժգոհել է արդեն թիմի գլխավոր մարզիչ Լուիս վան Գալի վարած մարտավարությունից, ով հաճախ է նրան փոխարինում երկրորդ խաղակեսի սկզբին:

Անգլիական ակումբի ճամբարում ամեն ինչ նորմալ է, եւ ոչ մեկը չի քննադատել ոչ մեկին: «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին մտահոգում է միայն այն հարցը, արդյոք խաղին կկարողանան մասնակցել թիմի ավագ Ռիո Ֆերդինանդն ու առաջատար հարձակվող Ուեյն Ռունին, որոնք թեթեւակի վնասվածքներ ունեն:

Հավելենք, որ բուքմեյքերական գրասենյակներն այս խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին` հաղթանակի համար 2,20, պարտության համար` 3,15 գործակից: