Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

 Վաղվանից պարտադիր է  անձը հաստատող փաստաթղթի եւ դիմակի առկայությունը  տանից դուրս գալիս. Նիկոլ Փաշինյան. ուղիղ (տեսանյութ)

 Դիմակ չկրելու համար վարչական տուգանք նշանակելիս՝ ոստիկանները դժվարություն են ունեցել, քանի որ անձը չի ունեցել փաստաթուղթ։

Ուստի վաղվանից պարտադիր է   անձը հաստատող փաստաթղթի առկայությունը  տանից դուրս գալիս։ Այս մասին հայտնեց  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը՝  տեղեկացնելով, որ փաստաթուղթ չունենալը եւս վարչական խախտում կհամարվի։

«Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակում պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը.

«Մենք էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթը իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց, որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նրանց նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հնարավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել»։

Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո արդեն 14 օր է անցել։  Նա հայտարարեց, որ դիմակ կրելու շնորհիվ ինքը որեւէ մեկի չի վարակել, ուստի  կրկնում է՝ դիմակ կրելը պարտադիր  է եւ փրկում է կյանքեր։


« Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել հանրային շփումներում, որովհետև իմ հիվանդության հենց առաջին օրից եղել եմ դիմակով: Բոլորի հետ կապ եմ հաստատել և համոզվել, որ որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- ասաց նա։

Պարետի որոշմամբ՝  ձեռնոցի կրման պարտադիր պահանջն հանված է, հիշեցրեց  Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ վերջին ցուցումների համաձայն՝  ախտահանումն այս փուլում   բավարար է։ 

Երեւանի քաղաքապետ  Հայկ Մարությանն իր հերթին ասաց, որ մշտապես դիմակ է կրում։  Նա  հայտնեց, որ երեք ամիս է ծնողներին չի տեսել, իր երեխաները երեք ամիս է  դուրս չեն գալիս։  Նա  նաեւ  խորհուրդ  տվեց չսնվել օբյեկտներում,այլ սնունդը տնից վերցնել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցուն են նաև Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: