33 տոկոսը կատարել են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ:
Այսօր կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով նիստը:
Նիստի վարող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ 2009 թվականին ստեղծվել են շուրջ 4 տասնյակ միջգերատեսչական աշխատանքային խմբեր, մշակվել եւ հաստատվել է 10 հայեցակարգ, մեկ ռազմավարություն եւ ազգային 4 ծրագիր:
«Նախանշված գործողությունների 33 տոկոսը կատարված է ամբողջությամբ կամ գտնվում է ավարտման փուլում, մնացած աշխատանքները կիրականացվեն 2010-2011 թվականներին: Հայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված բոլոր ծրագրերը պետք է սահմանված ժամանակացույցով ժամանակին իրականացվեն»,-ասել է նա:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքը:
Նրա խոսքով` «Արեւելյան գործընկերության» շրջանակում ԵՄ-ի հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագրերի նպատակն է` խորացնել ԵՄ-ի գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացումը եւ խթանել տնտեսական ինտեգրումը երկուստեք շուկաներ ապահովելու համար:
Նախատեսվում է Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձանակատարի այցը Հայաստան: Քննարկման թեման ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելու համար մանդատի հարցն է, որը մինչեւ ապրիլի վերջը կտրամադրվի Հայաստանին: