Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգործեն խիստ կանոններ

Սպորտ

Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կանցկացվեն ամառային պատանեկան օլիմպիական 1-ին խաղերը, որի ծրագրում ընդգրկված են 26 մարզաձեւեր:

Օրերս Սինգապուրում անց է կացվել ազգային օլիմպիական կոմիտեների գլխավոր հանձնակատարների սեմինար-խորհրդակցություն: Հայաստանից խորհրդակցությանը մասնակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեր Միանգն խորհրդակցության բացման ժամանակ ասել է, որ Սինգապուրի 5 միլիոն բնակչությունը, որոնց 70 տոկոսը չինացիներ են, սիրում են իրենց բնակավայրը եւ առաջնորդվում են «Մենք չենք ծխում, չենք կեղտոտում միջավայրը, սիրում ենք մեր երկիրը» կարգախոսով: Ելնելով դրանից, խաղերի օրերին Սինգապուրի փողոցներում չի թույլատրվի սնվել, ծամոն ծամել, ծխել եւ այլն:

Սինգապուրում խաղերի անցկացման համար նոր մարզահամալիրներ չեն կառուցվել, որովհետև կա մարզահանգրվանների խիտ ցանց: Բոլոր մարզակառույցները կազմ ու պատրաստ վիճակում են եւ սպասում են պատանի մարզիկ-մարզուհիներին: Խաղերի բացման արարողությունը նշանակված է օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, 20 հազար տեղանոց քաղաքային մարզադաշտում: Տոմսերի արժեքը տատանվում է 30 - 200 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Հավելենք, որ Հայաստանն առայժմ ունի 3 մասնակից (երկու ծանրորդ եւ մեկ ձյուդոիստ), սակայն վարկանիշային մրցումները դեռեւս շարունակվում են: