Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը միացել է բացառապես սեփական նախաձեռնությամբ. ԱԳՆ խոսնակը՝ «Կրոնական ազատության միջազգային դաշինքի» մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «a1plus» լրատավականի հարցերին

 

Հարց. Ինչո՞ւ է Հայաստանը միացել «Կրոնական ազատության միջազգային դաշինք» կազմակերպությանը։ Ի՞նչ շահեր ունի։

Պատասխան. Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Դաշինքը չի հանդիսանում միջազգայնորեն սահմանված միջազգային կազմակերպություն, չունի անդամակցության ընթացակարգ: 

Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք: Միաժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ցեղասպանությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և Հայաստանը շարունակաբար օգտագործել է միջազգային ցանկացած հարթակ և ձևաչափ՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:  Հայաստանն ունի պատմական և բարոյական պարտավորություն` պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին:

Հարց. ԱՄՆ-ի առաջարկո՞վ, թե՞ Հայաստանի նախաձեռնությամբ է սկսվել դաշինքին միանալու գործընթացը։

Պատասխան. Հայաստանը դաշինքին միացել է բացառապես սեփական նախաձեռնությամբ և օրակարգով: 

Հարց. Կա փորձագիտական կարծիք (տե՛ս Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հարցազրույցը «Ա1+»-ի հետ  - հեղ.), որ սա հակաչինական դաշինք է, օգտագործվելու է Չինաստանի դեմ քաղաքական հարցերով։ Հակաչինականությունն արտացոլվում է նաև դաշինքի հիմնադիր ժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ելույթում, որում վերջինս ՉԺՀ ԿԿ-ին մեղադրել էր կրոնների ամենամեծ թշնամի լինելու մեջ։ Նաև Չինաստանն է համարում, որ այս կազմակերպության միջոցով շահարկվելու են ույղուրական, Տիբեթի, Թայվանի խնդիրները և նման այլ խնդիրներ։ Ի՞նչ կասեք այս մասով։

Պատասխան. Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը: 

Հայաստանը գործնականում ցուցադրել է, որ երբևէ չի մասնակցում որևէ նախաձեռնության, որն ուղղված կլինի որևէ երրորդ երկրի, առավել ևս՝ իր կարևոր գործընկերների դեմ: Մասնակցել նման միջազգային նախաձեռնություններին չի նշանակում  կիսել դրանց մյուս անդամներից յուրաքանչյուրի մոտեցումները և գնահատականները: 

Հայաստանը յուրաքանչյուր միջազգային հարթակում հետապնդում է իր, այլ ոչ թե այլոց շահերը: Մեզ համար մարդու իրավունքները եղել և մնում են համընդհանուր, որոնք չեն կարող ունենալ աշխարհաքաղաքական համատեքստ:

Հարց. Դաշինքին միանալով` Հայաստանն ի՞նչ է ձեռք բերում։

Պատասխան. Լինելով միջազգային հանրության անքակտելի մաս և լիիրավ անդամ՝ մենք արժևորում ենք բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, ինչի խոսուն վկայությունն է բազմապիսի կրոնական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքը Հայաստանում:

Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդրին Մերձավոր Արևելքում, որտեղ հայ ժողովուրդը ունի դարավոր ներկայություն և այլ ազգերի և կրոնների հետ համերաշխ գոյակցության մեծ փորձ: Հենց դա է հանդիսացել Հայաստանի կողմից դաշինքին միանալու հիմնական պատճառներից մեկը:

Հայաստանը ձեռք է բերում մարդու իրավունքների հարցով միջազգային համագործակցության մեջ ներգրավվելու լրացուցիչ հնարավորություններ, որոնք կարող են արտահայտվել կրոնական համայնքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացմամբ: Այս ուղղությամբ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ: