Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍՍ ՀՉ
A A
Քաղաքականություն

Լուրջ հակաչինական թատերաբեմ է, որին, չգիտես ինչու, որոշել է մասնակից դառնալ նաև Հայաստանը․ Սուրեն Սարգսյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Հայաստանը միացել է 2020 թվականի փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (The Alliance for International Religious Freedom)։

«Ա1+»-ի հետ զրույցում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձավ այս դաշինքի հետ կապված մի շարք հարցերի։

«Երբ որ կազմակերպությունը նոր էր հիմնադրվում, հիմնադիր ժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհալություն հայտնեց բոլոր անդամ պետություններին, և շնորհակալություն հայտնեց նաև նրա համար, որ այդ պետությունները դիմադրել են Չինական ճնշումներին և անդամակցել են այս կազմակերպությանը սա առաջին։ Երկրորդ հայտարարությունը, որ Պոմպեոն արեց, վերաբերում էր նրան, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը (ՉԺՀ-ում իշխող քաղաքական ուժն է - հեղ) բոլոր կրոնների ամենամեծ թշնամին է, և բնական է, որ Չինաստանը լուրջ վերապահումներ ունի այս կազմակերպության նկատմամբ։ Ու Չինաստանը համարում է, որ այս կազմակերպության գործունեությունն առաջին հերթին ուղղվելու է իր դեմ, և շահարկվելու են ույղուրական խնդիրը, Տիբեթի խնդիրը, Թայվանի խնդիրը և այլ նմանատիպ խնդիրներ։ Թեկուզ կրոնական խնդիրներ, բայց դրանց տրվելու է քաղաքական ենթատեքստ»,- պարզաբանեց Սարգսյանը։

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ պետք է աներ այս դաշինքում չներգրավվելու համար, միջազգայնագետը պատասխանեց, որ աշխարհի 192 պետությունից ընդամենը 30-ն է անդամակցել այս կազմակերպությանը, այդ պետությունները հիմնականում Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցներն են, այդ թվում՝ բնականաբար Իսրայելը, Վրաստանը, ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ մի շարք պետություններ։

Ըստ ամերիկագետի՝ ամենակարևոր հարցն այն է, թե «ի՞նչ է սա տալու Հայաստանին», որի պատասխանը պետք է ստանանք․ 

«Որովհետև Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ չկա, թե ինչո՞ւ է Հայաստանը միացել, բացի նրանից, որ «Հայաստանը կարևորում է կրոնի և դավանանքի ազատությունը»։ Սա չափազանց կարևոր է, այո՛, կրոնի ազատությունը կարևոր սահմանադրական իրավունք է, և Հայաստանում որևէ ազգային փոքրամասնության կրոնական իրավունքները չեն սահմանափակվել կամ չեն ճնշվել։ Այնպես որ, ես համարում եմ, որ սա ինքնին կրոնական կազմակերպություն չէ և լուրջ հակաչինական թատերաբեմ է, որին, չգիտես ինչու, որոշել է մասնակից դառնալ նաև Հայաստանը»։

Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է դիվանագիտական խողովակների միջոցով մերժեր  ԱՄՆ-ին և չմիանար այս դաշինքին, պատասխանեց, որ կառավարությունը կարող էր ասել, որ Հայաստանը որևէ խնդիր չունի կրոնական փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության հարցում, իսկ երկրորդ հերթին՝ բոլոր այն պետությունները, որտեղ հայ համայնք կա, հայկական համայնքի կրոնական ազատության իրավունքը սահմանափակված չէ։ 

«Այդ թվում՝ այնպիսի պետություններում, որոնք որ իսլամական, մուսուլմանական պետություններ են։ Որևէ այլ խնդիր չի ունեցել կրոնի ազատության մասով ո՛չ Իրանում, ո՛չ Սիրիայում, ո՛չ արաբական այլ պետություններում»,- շարունակեց նա։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարի խոսքերով՝ Հայաստանը, կարծես թե, որևէ լծակ ձեռք չի բերում ճնշումներ գործադրելու այն պետությունների նկատմամբ, որտեղ ունի փոքրամասնություն և որտեղ այդ փոքրամասնության (այսինքն՝ հայկական համայնք) իրավունքները ոտնահարվում են, այնպես որ Հայաստանն առանձնապես ձեռքբերում չունի այս դաշինքում ներգրավվելով։

Հարցին, թե իր ենթադրությամբ՝ ինչո՞ւ է Հայաստանը համաձայնվել միանալ, պատասխանեց, որ դժվարանում է ասել։ «Միգուցե սրա դիմաց ինչ-որ մի բան ակնակալում են ստանալ։ Եվ ես հույս ունեմ, որ դա փոխհատուցում չէ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։