«Սերժ Սարգսյանը էֆեկտիվ կնքահայր չէ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը «ոչ» է ասելու նորացված Մադրիդյան սկզբունքներին: Իսկ թե ինչո՞ւ. պարոն Կարապետյանը հիմնավորեց «Ա1+»-ի հետ զրույցում:
- Մադրիդյան սկզբունքների եւ նորացված սկզբունքների միջեւ կան լուրջ տարբերություններ, հատկապես մանրամասների միջեւ' ո՞վ է անցկացնելու, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ է անցկացվելու հանրաքվեն: Մադրիդյան սկզբունքներն ավելի էին մեր օգտին, քան նորացվածը, որը հիմա Ադրբեջանի օգտին է:
Ես կարծում եմ, որ նորացված սկզբունքներում լուրջ է ընդունված տարածքային ամբողջականության սկզբունքը: Կարծում եմ, որ հայկական կողմը «ոչ» է ասելու նորացված սկզբունքներին եւ ասելու է, որ պատրաստ է բանակցությունները շարունակել Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայկական կողմը «ոչ» կասի' հաշվի առնելով նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությունը, թե երկու հարց չեն կարող լինել քննարկման առարկա' ԼՂՀ-ի անվտանգության եւ ԼՂՀ-ի անկախության խնդիրները:
- ԼՂՀ-ի անվտանգության խնդրի մեջ մտնո՞ւմ է ազատագրված տարածքների հարցը:
- Նաեւ այդ տարածքներն են մտնում: Հիշեցնեմ, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն'ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անքակտելի մասն են:
- Ի՞նչ է ստացվում. ՀՀ իշխանություններն այսօր քննարկո՞ւմ են ԼՂՀ տարածքները հանձնելու հարցը' առանց ԼՂՀ-ի:
- Դա իրավամբ այդպես է: Եւ, եթե հաշվի առնենք Սերժ Սարգսյանի ելույթը Սիրիայում եւ «Al Vatan»-ին տված հարցազրույցը, որտեղ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն ասում է, որ ԼՂ-ի կարգավիճակի հետ կապված խնդիրներից հետո քննարկվելու է անվտանգության գոտու հողերի հարցը: Դա այդպես է:
- Այսօր ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվողները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանին անվանեցին «հողերը հանձնող» եւ առաջնորդվում էին «ոչ մի թիզ հող» կարգախոսով, այսօր քննարկում են նույն տարածքները հանձնելու հարցը եւ համաձայնություն են տվել: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այստեղ որեւէ նոր բան չկա: Դուք շատ ճիշտ եք նկատում, որ դա այդպես է: Ցավոք, այդպիսին է իշխանության տրամաբանությունը: Չեմ կարծում, որ թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի ներկա դիրքորոշումը բխում է փոխզիջումներից եւ ճշմարիտ է:
- Երբ իշխանության են գալիս այլ կարգախոսով, տվյալ դեպքում' «ոչ մի թիզ հող»-ով եւ հիմա այլ քայլեր են կատարում, դա ժողովրդին խաբել չէ՞:
- Եկեք հիշենք, որ Սերժ Սարգսյանը միշտ ասել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Սերժ Սարգսյանի դիրքորոշումը միշտ է այդպիսին եղել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ այն կուսակցություններին, որոնք ժամանակին պաշտպանեցին Քոչարյանին' նախագահ դառնալու համար, դա այն ժամանակ դիվիդենտներ շահելու համար էր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ են օգտագործել «ոչ մի թիզ հող» կարգախոսը: Այսօր իշխանությունը փորձում է գնալ ամենահեշտ ճանապարհով: Այսօրվա քաղաքականությամբ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցում ամբողջությամբ փակում են մանյովրելու դաշտը: Եթե իշխանական բոլոր կուսակցություններն անխտիր կողմ են տարածքներ հանձնելուն, ընդդիմությանն էլ են քաղաքական դաշտից հեռացնում, եւ երբ պետք լինի «ոչ» ասել, ո՞վ է ասելու:
- Ինչպե՞ս եք գնահատում տնտեսական թեմայով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը:
- Ռոբերտ Քոչարյանը երկու խնդիր է ուզում լուծել: Նա շատ շտապ ցանկանում է դառնալ վարչապետ: Լինելով կուսաշխատող' Քոչարյանը շատ լավ գիտի, որ եթե ՀՀ-ում իշխանափոխություն լինի, դա լինելու է դասական իշխանափոխություն: Այսինքն, նորերը հներին զրկելու են իրենց ունեցվածքից: Այսօրվա իշխանության թիմը, որն օլիգարխիկ է, խնդիր ունի: Իրենց պետք է մի մարդ' կնքահայր, որը միշտ կանգնած է եղել քաղաքական թիմի գլխին եւ երաշխավորել է նրանց ունեցվածքը:
- Սերժ Սարգսյանը կանգնած չէ՞ իր թիմի գլխին:
- Ոչ, Սերժ Սարգսյանը էֆեկտիվ կնքահայր չէ: Նա փորձում է կանգնել, բայց Սերժ Սարգսյանի թիմում գտնում են, որ նա խելոք չէ, որ նա չի կարողանում քաղաքականություն վարել, որ նա սխալը սխալի հետեւից է անում, որ երկիրը տանում է հեղափոխական գործընթացների' իր անմիտ քաղաքականությամբ եւ այլն:
- Դուք որեւէ կապ տեսնո՞ւմ եք Քոչարյանի, Օսկանյանի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ինչպե՞ս եք գնահատում այն լուրերը, թե նրանք միավորվել են' իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու համար:
- Ես չեմ կարծում, որ նրանք երբեւէ առանձին են եղել, որ հիմա էլ միավորվեն: Նրանք բոլորն էլ' Օսկանյանը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եղել են Ռոբերտ Քոչարյանի հենասյուները:
- Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ իսկապես կա՞ տարաձայնություն:
- Նրանք երկուսն էլ ինձ համար նույն մարդիկ են, սակայն տարաձայնություն կա բոլոր այն մարդկանց մեջ, ովքեր կիսելու բան ունեն: Նույնիսկ երկու եղբայր, երբ սեփականության հետ կապված կիսելու բան ունեն, տարաձայնություններ են ունենում: Իշխանության, ռեսուրսների սեփականության հետ կապված Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն ունեն տարաձայնություններ: Մնացած հարցերում' երկրի քաղաքական կուրսի, Հայաստանի զարգացման, Հայաստանը որպես սեփական դաշտ օգտագործելու հարցում, նրանք որեւէ տարաձայնություն, հավատացնում եմ, չունեն:
- Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում ներքաղաքական դաշտում առաջիկայում:
- Ես կարծում եմ, որ վիճակը գնալով սրվելու է: Դրան ոչ միայն ներքաղաքական խնդիրներն են նպաստելու, նաեւ արտաքին մարտահրավերները, սոցիալ-տնտեսական խնդիրներն են նպաստելու իրավիճակի սրմանը: Եթե Քոչարյանը նշանակվի վարչապետ, իմ կարծիքով' ՀՀ-ում իշխանափոխությունն ավելի կարագանա:
- Իսկ նա կնշանակվի՞:
- Կարծում եմ' ոչ:
- Դուք ասացիք, որ Քոչարյանը, Օսկանյանը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն միասին են: Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի հետ կապված Դուք միացել եք ՀՅԴ-ին: Երկար ճանապարհ ունեք այս ուժե՞րի հետ:
- Հայ-թուրքականի վերաբերյալ, մենք համագործակցելու ենք ՀՅԴ-ի հետ, իսկ մնացած հարցերում' ոչ: ՀՅԴ-ն չի ձերբազատվի Քոչարյանի ֆենոմենից, դա իր խնդիրն է, մենք ՀՅԴ-ի հետ ընդհանուր սահման չունենք:
- Հայ-թուրքական հարբերությունների հետ կապված Դու գտնում եք, որ գործընթացի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, իսկ ՀՅԴ-ն մինչ օրս պահանջում է Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Այս հարցում համագործակցությունը որքանո՞վ է արդյունավետ:
- Միշտ պետք է օգտվել այն փաստից, որ կան ուժեր, որոնք պայքարել են դրա դեմ մանավանդ սփյուռքում: Ես գտնում եմ, որ ՀՅԴ-ն էֆեկտիվ է պայքարել Սփյուռքում: Հիշեցնեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ես ժամանակին ասել եմ, որ իմ հույսը թուրքերն են, որ գործընթացը տապալեն եւ այդպես էլ եղավ:
- Ձեր կարծիքով գործընթացը տապալվե՞լ է:
- Այո, տապալված է: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-13-ին կգնա Վաշինգտոն, որտեղ գործընթացը վերակենդանացնելու փորձեր կանի, սակայն դա չի ստացվի:
- Վարդան Օսկանյանը մեզ տված հարցազրույցում նշել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է իրավիճակը շտկելու հնարավորություն տալ: Նա հրաժարական կտա՞:
- Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա' ներիշխանական ինտրիգների արդյունքում: Եթե լինի նաեւ արտաքին ճնշումներ եւ հասարակական լայն զանգվածների ճնշում' կտա: Սա 1998թ. չէ: Վարդան Օսկանյանը մի քիչ սխալվում է, մենք կամաց-կամաց մոտենում ենք 1988թ.: Ամեն ինչ փոխվելու է միանգամից:
- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների զեկույցները, որտեղ անդրադարձել են 2008թ. մարտի 1-ին:
- Որպես Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ասում եմ, որ ՀՀ իշխանություններն ոչինչ չեն անում մարտի 1-ը բացահայտելու համար եւ ամեն ինչ անում են, որ այն մոռացության տան:
- Դուք մասնակցելո՞ւ եք ապրիլի 6-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:
- Այո, ես միշտ մասնակցել եմ ընդդիմության բոլոր հանրահավաքներին եւ մասնակցելու եմ:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը