«Ամենայն հավանականությամբ, ինչ-որ հիվանդանոցի կամ պարետատան բազա է»․ ի՞նչ տվյալներ են հրապարակել ադրբեջանցի հաքերները
Աջակցիր «Ա1+»-ինՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր տեղեկացրել էր, որ ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով պայմանավորված մոտ 3500 հայաստանցի հիվանդի, կոնտակտավորի տվյալ են հանրայնացրել։
Թեմայի հետ կապված «Ա1+»-ը զրուցեց Մարտիրոսյանի հետ։ Մենք հարցրինք՝ «արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, արդյո՞ք արդեն նույնականացրել են տվյալներն ադրբեջանցիների տարածածի հետ»։
«Չէ, բայց ամենայն հավանականությամբ համապատասխանում է, որովհետև այնքան շատ տվյալ է, որ դժվար թե չհամապատասխաներ։ Նույնականացնելու հետ կապված հարցն ավելի շուտ պետք է տաք Առողջապահության նախարարությանը, բայց կարծում եմ՝ ճիշտ տվյալներ են»,- պատասխանեց Մարտիրոսյանը։
Հարցին, թե կառավարությունից իրեն դիմե՞լ են այս հարցով աջակցելու համար, մեդիափորձագետը պատասխանեց, որ գիշեր ինքը, ում որ պետք է, ուղարկել է սա։ Ճշտող հարցին, թե իրենց փորձագետների խո՞ւմբն է բացահայտել սա, և ինքը կարո՞ղ է ասել, թե ադրբեջանական որ հաքերական խումբն է հանրայնացրել, պատասխանեց․
«Գոյություն ունի ադրբեջանական մի մեծ հաքերային խմբերի միավորում, որը կոչվում է «ԱնտիԱրմենիա», այդ ասոցիացիայում կա մի թիմ, որն այսօրվա դրությամբ ամենաակտիվներից է, «Ռեյնջեր» է կոչվում, այդ թիմն է հրապարակել այդ տվյալները։ Իրենք սովորաբար հրապարակում, ինձ էլ են ուղարկում, «շատ բարի» հաքերներ են»։
Հարցին, թե իրեն ուղարկելու պատճառն այն է, որ ադրբեջանական հաքերները գիտե՞ն, թե ովքեր են Հայաստանում զբաղվում մեդիաանվտանգությամբ, և այդկերպ փորձո՞ւմ են սադրել, պատասխանեց, որ այո։
««Բա տեսա՞ր՝ սենց էղավ», այսպիսի բաների համար։ Հաքերները թիթիզանալու խնդիր ունեն»,- հավելեց նա։
Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ երկու արտահոսք է եղել 10 օրվա ընթացքում, ընդորում երկուսն էլ՝ տարբեր ձևով։ «Մեկը ներքին կարգով է եղել («Զնդան» ՖԲ էջում տեղադրված տվյալները), մեկը հանել փոխանցել է մահացածների տվյալները, մյուսը՝ հաքերային։ Սա նշանակում է, որ համակարգը ծակեր ունի, ու մի հատ չէ։ Հիմա պետք է այդ տվյալների օպերատիվ տարածումը ներսում նվազեցնել։ Բայց ավելի գլոբալ խնդիր կա կապված անձնական տվյալների պաշտպանության հետ։ Դա այն հարցն է, որ ավելի լուրջ պետք է կարգավորվի։ Կա օրենք, բայց այդ օրենքը քիչ է, պետք է ավելի լուրջ բաներ իրականացնել»,- ընդգծեց մեդիափորձագետը։
Հարցին՝ հաքերները տվյալները ձեռք են բերել միայն Առողջապահության նախարարության կայքի՞ց, թե՞ նաև այն համակարգից, որը հնարավորություն է տալիս հեռախոսազանգերի և հաղորդագրությունների միջոցով տեղորոշում իրականացնել, պատասխանեց, որ ոչ, սա ամենայն հավանականությամբ, ինչ-որ հիվանդանոցի կամ պարետատան բազա է, ենթադրաբար Արմավիրի մարզից։
«Որովհետև մեծամասնությունն արմավիրցի են, ու սա տեղորոշման համակարգի հետ կապ չունի։ Ուղղակի երևում է այն, ինչը որ ուղղակի պարետատունը գրանցում է․ «անուն-ազգանուն, հասցե, ծննդյան թիվ, հեռախոսի համար, անձնագրի սերիա, որտեղից է անձը ժամանել, եթե դրսից է ժամանել Հայաստան, ում հետ է հիվանդներից կոնտակտի մեջ եղել»»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այս թեմայով մեզ գրեց, որ իրավապահ մարմինները զբաղվում են ՀՀ քաղաքացիների տվյալների ենթադրական արտահոսքի հարցով։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով, իսկ կոնկրետ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հարցին՝ կարո՞ղ է ասել՝ տվյալների բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, պատասխանեց, որ հիմա ամենակարևոր հարցը հենց դա է։ «Նույնականացում է պետք է անել, այսինքն՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի հասկանալի լինի՝ «արդյո՞ք տվյալները, որոնք որ դուրս են եկել, համապատասխանում են իրականությանը, ճի՞շտ տվյալներ են, թե՞ ոչ»,- շարունակեց նա։
Հարցին՝ արդյո՞ք արտահոսքը պարետատնից է եղել, պատասխանեց, որ ենթադրաբար այնտեղից չի եղել, այդ ամեն ինչը քննությունը պետք է պարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ «Բայց մեր նախնական իմացությամբ այդ ճանապարհով (Առողջապահության նախարարության կայքը կոտրելով) չի եղել։ Ճիշտ չի լինի, հիմա ես ասեմ, թե ինչպես է եղել։ Հիմա աշխատանքներ են տարվում, թե ինչպես է դա տեղի ունեցել, արդյո՞ք տվյալները համապատասխանում են իրականությանը»,- եզրափակեց Մանե Գևորգյանը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այս թեմայով որևէ բան չի կարող ասել, քանի որ պետք է պարզվի՝ արդյո՞ք տվյալներն իրարամերժ են, թե՞ ոչ։ «Թող իրավապահ մարմիններն ուսումնասիրեն, ըստ այդմ՝ հասկանանք։ Չեմ ուզում դեռ մեկնաբանել, քանի դեռ իրավապահներն այդ ուսումնասիրությունը չեն արել»,- եզրափակեց Նիկողոսյանը։