Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների տվյալների՝ համացանցում տարածվելու առթիվ ԱՆ-ը դիմել է իրավապահ մարմիններին

«Զնդան» անունը կրող ֆեյսբուքյան էջում տարածվել է նոր կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահացած անձանց անուններով ցուցակը։

Այս թեմայով մեկնաբանության համար «Ա1+»-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ։ 

«Նախ անընդունելի է, որ նման բան է տեղի ունեցել։  Որովհետև մարդկանց անձնական տվյալներն են հրապարակվել, և մենք դիմել ենք իրավապահ մարմիններին՝ հասկանալու, պարզելու համար, թե էջի հետևում ովքեր են կանգնած։ Ընդհանրապես ինֆորմացիա չկա այդ էջի մասին և այն մասին, թե ինչպես է այդ արտահոսքը տեղի ունեցել»,- նշեց Նիկողոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք նույն այդ ձևաթղթով են կազմված եղել Առողջապահության նախարարությունում առկա ցուցակները, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ կա էլեկտրոնային տարբերակով տվյալների բազա։ Նիկողոսյանի կարծիքով՝ հաքերային հարձակում է եղել։

«Կամ չգիտեմ, դա արդեն պետք է իրավապահ մարմինները պարզեն, թե ինչպես է հայտնվել այդ ֆեյսբուքյան էջում, էջի հետևում կանգնած անձի մոտ։ Եթե տվյալները չհամապատասխանեին, մենք չէինք դիմի իրավապահ մարմիններին»,- շեշտեց նա։ 

Հարցին՝ մոտավոր կասկածներ ունե՞ն, թե ում կողմից է կարող արտահոսքը եղած լինի, պատասխանեց՝ ոչ։