Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրում են թոշակով եւ հույսով

Մարզեր

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անվասայլակով տեղաշարժվող երկու մարդ կա: Նրանցից մեկը 48-ամյա Մհեր Պողոսյանն է, ով 1990-ականներին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերի:

Մհերը վիրավորվել է 1994թ.-ի ապրիլի 8-ին Հորադիսի համար մղվող մարտի ժամանակ: Պարզվել է, որ նրա ողնաշարի 4 ողերը ջարդվել են:

Երկարատեւ բուժումից հետո անգամ` նա գամված մնաց սայլակին: Առաջին կարգի հաշմադամի բազմանդամ ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: 6 անդամից բաղկացած ընտանիքը իր կարիքները հոգում է Մհերի ստացած 74.000 դրամ թոշակով:

Տարիներ առաջ Մհերը ապառիկով ՙԳԱԶԵԼ՚ մակնիշի միկրոավտոբուս էր գնել եւ որոշել քաղաքի ներսում ուղեւորափոխադրում իրականացնել:

ՙԱյդ ժամանակ քաղաքում երթուղային տաքսիներ չէին աշխատում, ուղեվարձը սահմանեցի 50 դրամ: Ոչինչ, մարդիկ օգտվում էին: Հետո Վայքի հարկայինը էնպիսի հարկեր սահմանեց` չգնալով ոչ մի փոխզիջման: Ես անընդհատ ասում էի, սա իմ ընտանիքը պահելու միակ միջոցն է, թողեք աշխատեմ, գոյացած հարկերն էլ մաս-մաս կվճարեմ: Չհամաձայնվեցին: Դեղին պետհամարանիշ հանի եւ այլն, եւ այլն. ես էլ հիասթափվեցի, ու հրաժարվեցի էդ գործից՚,-ասում է Մհեր Պողոսյանը:

Երեք երեխաների հայրը չի կորցրել լավատեսությունը: Հիմա որոշել է տիրապետել համակարգչի գաղտնիքիներին եւ աշխատանք փնտրել: ՙՄարդիկ կարծում են եթե հաշմանդամ ես, ապա պետք չես ոչ մեկին եւ ոչնչի ընդունակ չես: Մայրս էլ է առաջին կարգի հաշմանդամ, կինս մի քանի անգամ վիրահատություններ է տարել: Ես լինելով ընտանիքի գլուխը` պարտավոր եմ թեկուզ հաշմանդամ նեցուկ լինել հարազատներիս՚,- համոզված է առաջին կարգի հաշմանդամը:

Ըստ նրա` տեղական իշխանությունները պետք է աջակցեն, որ խեղված ճակատարգրով քաղաքացիները ինտերգրվեն հասարակությանը, որ նրանք մեկուսացված չզգան, իրենց իսկ համայնքում ունենան իրենց ուրույն տեղն ու դերը:

Արմեն Հովակիմյան

Սիսիան