Հանրայինի լրագրողներին աշխատանքից ազատելու գործով նիստը նախատեսվածից 8 ամիս շուտ կկայանա
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային Հեռուստաընկերության լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի՝ աշխատանքից ազատման գործով դատական նիստը կկայանա նախատեսվածից 8 ամիս շուտ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատական նիստի օրը Վերաքննիչ դատարանը 2021 թվականի մայիսի 6-ից տեղափոխել է 2020 թվականի սեպտեմբեր 22-ին՝ փաստաբանի ներկայացրած դիմումից հետո։
«Քանի որ խնդիրն իր մեջ ի սկզբանե ուներ աշխատանքային, նաև իրավական կոմպոնենտ, և կապված էր նաև անձանց նյութական զրկանքների հետ, որ կրում են չաշխատելու հատվածում, ինչպես նաև արդարադատության իրականացման խոտան կարող էր տեղի ունենալ, եթե դատական նիստը ուշանար, այդ պատճառով գործը քննող կազմը դատական նիստի օրը փոխել էր»։
Ղազարյանը հույս հայտնեց, որ մեկ նիստով կվերջանա, իրավիճակը կշտկվի, և լրագրողները կկարողանան աշխատանքի անցնել հենց 2020 թվականի աշնանից։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը Վարչական դատարանի՝ լրագրողների հայցը բավարարելու մասին որոշումը բողոքարկել էր։ Վերաքննիչ դատարանն առաջին նիստը նշանակել էր 2021 թվականի մայիսի 6-ին, այսինքն՝ հրապարակման վարույթն ընդունելուց մեկ տարի 3 ամիս հետո։
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Ղազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Վերաքննիչ վարչական դատարանի ժամկետները շատ դեպքերում ողջամտության սահմանները հատում են։
Հավելենք նաև, որ լրագրողների դատական հայցն ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի և Հանրային հեռուստաընկերության ՀՀ վարչական դատարանը բավարարել էր նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին։