Բացել լրահոսը Փակել լրահոսը
pizap
A A
Հասարակություն

«Դատարանները հատում են ողջամտության սահմանները»

«Վերաքննիչ վարչական դատարանի ժամկետները շատ դեպքերում  ողջամտության սահմանները հատում են»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան  Ղազարյանը։

Նա Հանրային հեռուստատեսության լուրերի բաժնի՝ աշխատանքից ազատված լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանուշ Մուրադյանի փաստաբանն է։

Հիշեցնենք՝ վերջիններս դատական հայց էին ներկայացրել  ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի և Հանրային հեռուստաընկերության, ինչը ՀՀ վարչական դատարանը  բավարարել էր նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին։ 

Հանրային հեռուստաընկերությունը Վարչական դատարանի՝  լրագրողների հայցը բավարարելու մասին որոշումը բողոքարկել է։ Վերաքննիչ դատարանն առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 6-ին, այսինքն՝ հրապարակման վարույթն ընդունելուց մեկ տարի 3 ամիս հետո։

Փաստաբանն ասում է՝ այս գործը բացառիկ չէ ողջամտության սահմանները հատելու առումով, մյուս գործերով ևս այդպիսի վիճակագրության կա, որ արդարադատության իրականացումը նշանակվում է մեկ-մեկուկես տարի անց սկզբանական դատական ակտի կայացման  օրից․

«Այդուհանդերձ, իմ համոզմամբ, եթե լրագրողները Վերաքննիչ դատարանում հաղթանակ տանեն, և Առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ մնա, կլինի արդարադատություն, բայց ուշացած, կարելի է նաև ասել՝ խոտան արդարադատություն»։

Փաստաբանն ասում է՝ իր մտահոգությունը  առաջին հերթին կապված է նրա հետ, որ լրագրողները փաստորեն Առաջին ատյանի վարչական դատարանում ապացուցել են իրենց ճշմարտացիությունը, սակայն ստիպված են նորից ընկնել քաշքշուկների մեջ Հանրային հեռուստաընկերության և հեռուստառադիոխորհրդի պատճառով։

Ղազարյանը նաև նշեց, որ իրավաբանական առումով ողջամտության ժամկետի խնդիրը բարձրաձայնելու տարբերակ չունեն, օրը փոխելու հնարավորություն չունեն, քանի որ Վերաքննիչ վարչական դատարանից ասում են, որ ամեն օր դատական նիստեր են նշանակված, և իրենք ընտրել են հնարավորինս սեղմ ժամկետը․

«Մենք հիմա խոսում ենք խոտան արդարադատության մասին։ Եթե նույն Վերաքննիչ վարչական  դատարանը առաջին ատյանի որոշումը ուժի մեջ թողնի մեկուկես տարի հետո, երկու տարի հետո, մենք ունենալու ենք անպիտան արդարադատություն, որովհետև հնարավոր է, որ լրագրողները չցանկանան վերադառնալ, այնուհանդերձ պետությունը վնասներ է կրելու Հանրային հեռուստաընկերության և Հանրային հեռուստառադիոխորհրդի գործողությունների  պատճառով, քանի որ այս չաշխատած ժամանակահատվածի համար և պլյուս այն ժամանակահատվածի համար, երբ նրանք ազատվել են աշխատանքից, պատճառված վնասների փոխհատուցում է տալու պետությունը»։

Փաստաբանն ասում է՝ դատավորներ կան, ովքեր արհեստականորեն երկարացնում են գործընթացը։

Դատական ակտերի նշանակման ողջամտության ժամկետի հետ կապված Բարձրագույն դատական խորհրդի անդամ  անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս պահին դեռ չկա ողջամտության ժամկետի կարգավորում, բայց դատական օրենսգիրքը ԲԴԽ-ի վրա դրել է պարտականություն սահմանել կոնկրետ  գործերի քննման ժամկետների չափորոշիչներ։

«Այդ չափորոշիչները պետք է լինեն ողջամիտ և կողմնորոշիչ՝ կախված գործի տեսակից, գործի բարդությունից, ինչքան պետք է տևի։  Այս պահին մենք աշխատում ենք այդ իրավական նորմատիվ ակտի վրա։ Սա ԲԴԽ-ն պարտավոր է անել մինչև 2021 թվականը»։

Բեքմեզյանը նաև նշեց՝ հաշվի առնելով ողջամտության ժամկետների հետ կապված առկա խնդիրները, նախատեսում են այդ իրավական ակտն ընդունել մինչև 2020 թվականի վերջը։

«Մենք պետք է բոլոր գործերը ուսումնասիրենք, որոնք արվել են, արվում են, տեսնենք, թե գործերի քննության համար ինչ ժամկետներ են դատարաններում գործում, և այդ գործերի ժամկետների հաշվռմամբ որոշենք այն ողջամիտ ժամկետները, որոնք կարող ենք սահմանել որպես չափորոշիչ։ Օրինակ ամուսնալուծության գործը դատարաններում քննվում է մոտավորապես 3-6 ամիս ժամկետում, նշանակում է՝ մենք պետք է ունենանք վերլուծություն, այս ժամկետը ֆիքսենք, սահմանենք ողջամիտ ժամկետ 4 կամ 5 ամիսը»։

Այնուամենայնիվ, ԲԴԽ անդամը կարծում է,որ այս ժամկետների հետ կապված  ամենակարևոր երաշխիքը պետք էլինի դատավորների բարեխղճությունը։

«Մենք ունենք դատավորներ, որոնք գործերը շատ սեղմ ժամկետներում կարողանում են քննել և շատ որոակյալ քննել, ունենք դատավորներ, որոնք նմանատիպ գործերը  կարող են քննել երկու տարվա ընթացքում»։

Ըստ Բեքմեզյանի՝ շատ դեպքերում նաև կողմերից մեկն է տարբեր միջնորդություններով դիտավորյալ ձգձգում ժամկետները, որպեսզի վճիռը հնարավորիս ուշանա։

ԲԴԽ անդամը նաև տեղեկացրեց, որ Վարչական վերաքննիչ դատարանում նախատեսվում է այս տարվա ընթացքում ավելացնել 6 դատավոր, նրանցից 3-ը առաջիկա օրերին կստանձնեն իրենց պարտականությունները։

«Մեր հաշվարկներով՝ եթե հիմա  Վարչական վերաքննիչում բողոքը ստանալուց հետո  հաջորդ դատական նիստը նշանակվում է մոտավորապես մեկ տարի հետո, ապա այս կազմի ավելացմամբ հույս ունեք, որ մի քանի ամիս հետո կնշանակվի»։

Փաստաբան Տիգրան Ղազարյանը կարծում է, որ դատավորների թվաքանակի ավելացումը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ․

«Մեր օրենսդրությունն անկատար է այն առումով, որ վեճերի լուծման արտադատական մեխանիզմները  արդյունավետ չենք դարձնում»։