Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան պաշպանում է Իլյումժինովին

Սպորտ

Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթ Յազիջին հանդես է եկել բաց նամակով, որում նա միանշանակորեն հայտարարել է, որ ՖԻԴԵ-ի 2010 թ նախագահական ընտրություններում աջակցելու է շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովին:

«Այն բանից հետո, ինչ մեր ֆեդերացիան սերտորեն համագործակցում է ՖԻԴԵ-ի հետ, իսկ ես, որպես ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամ, վերջին երեք տարիներին հաճախ եմ շփվում նախագահի հետ, նա պարզապես «գողացել է մեր սրտերը», - նամակում խոստովանել է Յազիջին:

Սակայն ուշագրավն այն է, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում առայժմ իր թեկնածությունն առաջարկել է միայն աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, իսկ ահա գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը դեռ չի հայտարարել այդ մասին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, պատասխանելով «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում Անատոլի Կարպովի շանսերը ՖԻԴԵ-ի նախագահական ըտրություններում եւ ում է աջակցելու մեր ֆեդերացիան, նա ասաց.

«Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, քանի որ առայժմ միայն մեկ թեկնածու կա: Բացի այդ դեռ պարզ չէ, թե Անատոլի Կարպովն ինչ կազմով է ցանկանում մտնել ՖԻԴԵ: Ինքս լավ ճանաչում եմ շախմատային աշխարհի ղեկավար այրերին եւ հայտնի շախմատիստներին: Երբ հայտնի դառնա Կարպովի, այսպես ասած` թիմը, այն ժամանակ էլ կորոշենք մեր թեկնածուին»:

Մեկնաբանելով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի բաց նամակը, Սմբատ Լպուտյանը նշեց, որ դրանում զարմանալու ոչինչ չկա. «Թուրքիան ՖԻԴԵ-ի անդամ երկրներից ամենաակտիվներից մեկն է, ամեն տարի կազմակերպում է մեծ թվով միջազգային մրցաշարեր: Այդ համագործակցությունը ձեռնտու է եւ ՖԻԴԵ-ին, եւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիային»: