Օրացույց․ 9-ը հունիսի․ ԱԺ-ն մերժում է գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առաջարկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հունիսի 9-ին Ազգային Ժողովը քվեարկությամբ մերժում է Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առաջարկը պատգամավոր Նվեր Չախոյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Վերջինս մեղադրվում էր դրամաշորթության մեջ, սակայն մեղադրանքը համարում է քաղաքական։ Նույն օրը Ազգային Ժողովն անորոշ է թողնում կոնյակի գործարանի ճակատագիրը ։
Միայն երկու պատգամավոր էր համաձայն Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրից հանել Կոնյակի գործարանը։ Պատգամավոր Վանո Սիրադեղյանը մեկ նախադասությամբ ձեւակերպում է այս ձախողումը՝ իրեն հարգող ոչ մի խորհրդարան ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրն այսպիսի հարց չի քննարկում։
1999-ի այս օրը կառավարության ընդունելությունների տանը ԿԸՀ-ն պատգամավորական մանդատներ է բաժանում երկրորդ գումարման նորընտիր պատգամավորներին։ Կարեն Դեմիրճյանն անձամբ է ժամանել ստանալու մանդատը։
Նույն օրը առաջին գումարման խորհրդարանում տեղի է ունենում հրաժեշտի նիստը։ Ներկա են երկու-երեք պատգամավոր։ Նիստին ներկա չէ նույնիսկ խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը տարածքում է։ Փոխարենը դատարկ դահլիճին քաղաքական հետագա գործունեության մեջ հաջողություն է մաղթում փոխնախագահ Յուրի Բախշյանը։ Առաջին գումարման վերջին եռօրյայի առաջին նիստի դահլիճն ավելի դատարկ էր։ Խոսրով Հարությունյանն անձնական ցավ է ապրում նիստի ձախողման համար։ Պատգամավորների սենյակներում ճամպրուկային տրամադրություններ են չվերընտրվածների համար։
Վարչապետ դառնալուց մեկ ամիս հետո Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն Ազգային Ժողովում 2000 թվականի այս օրը դնում է իր վստահության հարցը ներկայացնելով իր գործունեության ծրագիրը։ Ծրագրով նա խոստացավ հաջորդ երեք տարիներին կրկնակի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ 2000 թվականի այս օրը կառավարության նիստը վարում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Դա իմ իրավունքն էր»,-ժպիտով ասում է նա։ Վերջինս իրատեսական է գնահատում կառավարության ծրագիրը, բայց հետեւողականություն է պետք։ Լրագրողներին հետաքրքրում է նաեւ ներքաղաքական իրավիճակի նրա գնահատականը։
Այս օրը պարոն Քոչարյանը գնահատում է նաեւ հոկտեմբերի 27-ի գործի անսպասելի շրջադարձը, որի արդյունքում վարչապետի պաշտոնից հեռացվեց Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ նշանակվեց Քոչարյանին ընդդիմացող Անդրանիկ Մարգարյանը։ Հայաստանում ապաստանած փախստականները հայտարարում են, որ հրաժարվում են այստեղ ապրել։ Իրենց հատկացված միջազգային օգնությունը չեն տրամադրում։ Դիմել են եւ նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ վարչապետին։ Ոչ մի արձագանք, ուստի ուզում են գնալ։ Սակայն իրենց տրամադրած փաստաթղթերով դա անհնար է, ճամփորդական կնիք չկա։
2006-ի այս օրը Հայաստանի դատախազությունը հրապարակում է ինքնասպանությունների վիճակագրությունը։ Վերջին 5 տարում, ըստ դատախազության, Հայաստանում ինքնասպան է եղել 1241 հոգի եւ եւս 1157 հոգի փորձել է ինքնասպանվել։
2009-ի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։ Ըստ Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնագահ Սամվել Նիկոյանի, պատճառն այն է, որ ցանկացած բացահայտում խումբը դարձնում էր հանրության սեփականությունը։