Սիմոնյանն ու Մինասյանը գոհ են
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական «B» խմբի խաղացանկի հաստատումից հետո, միջոցառմանը մասնակցած Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ վիճակահանությամբ շատ լավ խաղացանկ է կազմվել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշել է, որ այս խաղացանկն ավելի հարմար է, քան այն, որը առաջարկվել էր 10 օր առաջ: «Սպորտ էքսպրես» օրաթերթը տեղեկացնում է, որ բարձր տրամադրություն ունեցող Հայաստանի ներկայացուցիչը նույնիսկ Նիկիտա Սիմոնյանին կատակով առաջարկել է մարտի 26-ին նախատեսված Ռուսաստան - Հայաստան խաղն անցկացնել ավելի «տաք» Սոչիում, քան` «սառը» Մոսկվայում:
Սլովակիայի ՖՖ-ի նախագահ Ֆրանտիշեկ Լաուրինեցը, ով միաժամանակ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, խաղացանկի վերաբերյալ ասել է, որ հաջորդ գործկոմի ժամանակ առաջարկելու է բոլոր խաղացանկերը կազմել հենց «կույր» վիճակահանության օգնությամբ: Իռլանդիայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ջոն Դիլայնը կրկին դժգոհ է մնացել (վերջինս հավաքակաների ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ մեր պատվիրակությանը մեղադրել էր խաղացանկը ձախողելու մեջ):
«Վիճակահանությամբ հնարավոր չէ կազմել իդեալական խաղացանկ: Օրինակ, մենք այնքան էլ գոհ չենք, քանի որ այս տարվա հոկտեմբերի 8-ին եւ 12-ին ստիպված ենք երկու դժվար խաղ անցկացնել ռուսների եւ սլովակների հետ»,-ասել է նա:
Իսկ ահա մակեդոնացիների ներկայացուցիչ Խարալամպի Հաջի-Ռիստիեւսկին լավատեսորեն հայտարարել է, որ իրենց ամեն ինչ գոհացնում է. «Ունենալով նման խաղացանկ, մենք չենք բավարարվի նույնիսկ 2-րդ տեղով: Պայքարելու ենք միմիայն առաջին հորիզոնականի համար: Մակեդոնիայում այժմ մեծ թվով բարձրակարգ խաղացողներ կան»:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական «B» խմբի հաստատված խաղացանկով Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 3-ին, Երեւանում, Իռլանդիայի ընտրանու հետ: Չորս օր անց մեր ֆուտբոլիստները արտագնա խաղում ուժերը կչափեն մակեդոնացիների հետ: