Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը կորցրեց տիտղոսը

Սպորտ

Շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարի անցած երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանը չկարողացավ պահպանել իր տիտղոսը:

Երեկ կայացած 10-րդ տուրում մեր շախմատիստը չնայած 1,5:0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ միավորների քանակը հասցրեց 9,5-ի, սակայն մնաց նույն` 9-րդ տեղում, քանի որ միավորներ վաստակեցին նաեւ առջեւից ընթացող մրցակիցները: «Կույր» շախմատում Արոնյանը հաղթեց Գրիշչուկին, իսկ «արագում» խաղաղ դաշն կնքեց:

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 13,5 միավորով սկսեց գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին` 2:0, եւ կես միավորով շրջանցեց նախկին առաջատար Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):

Վերջինս ոչ-ոքի` 1:1 խաղաց 3-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ, որը վաստակել է 12 միավոր: Հենց այս եռյակն էլ վերջին տուրում կմրցի գլխավոր մրցանակի համար:

Լեւոն Արոնյանը մրցաշարը կավարտի ընդգծված ետնապահի` կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսի հետ մրցամարտով: