Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» ջախջախեց «Կիլիկիային»

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի մնացած երկու հանդիպումները:

Աշտարակի «Միկան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Երեւանի «Կիլիկիային»: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին 11 մ հարվածով բացեց իսպանացի կիսապաշտպան Մոնտենեգրոն, 37-րդ րոպեին կրկնապատկեց բրազիլացի Ժունիորը, իսկ խաղավարտից երկու րոպե առաջ փոխարինման մտած Վիգեն Համբարձումյանը տուգանային հարվածով խփեց երրորդ գոլը:

Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ասաց, որ թիմը լավ խաղաց 1-ին խաղակեսում, իսկ երկրորդում ամեն ինչ չէր, որ ստացվում էր:
«Հաշվի առնելով այն, որ սա մեր գավաթային առաջին խաղն էր, մենք տղաների առաջ խնդիր էինք դրել ոչ թե շատ գոլեր խփել, այլ ավելի շատ անառիկ պահել սեփական դարպասը, ինչն էլ մեզ հաջողվեց»,-ասաց նա

Իսկ ահա «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, թե իրենք առավելագույնն արել են, որպեսզի պատասխան խաղից առաջ որոշակի շանսեր պահպանեին հաջորդ փուլ մտնելու համար:

«Թիմը լավ սկսեց խաղը, բայց դարպասապահի թույլ տված կոպիտ սխալների պատճառով արդեն առաջին խաղակեսում զիջում էինք երկու գոլի տարբերությամբ: «Միկայի» նման թիմի խաղում շատ դժվար է վերականգնել հաշվի նման տարբերությունը: Դարպասապահի մեղքով բաց թողեցինք նաեւ երրորդ գոլը: Ինչ խոսք, արդեն իրատեսական չէ հաջորդ փուլ մտնելը, բայց պատասխան խաղում մենք ձգտելու ենք հաղթանակի»,-ասաց նա

Գյումրիում տեղի «Շիրակը» հյուրընկալեց Երեւանի «Բանանցին»: Հանդիպման ելքը վճռեց հյուրերի սերբ լեգեոնական Դարկո Լովրիչի խփած միակ գոլը:

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 7-ին: