Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Ընդլայնվել է 8-րդ միջոցառման շրջանակը․ ո՞ր ոլորտներն են ներառվել (տեսանյութ)

Կառավարության նիստում ընդունվեց «Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ներկայացրեց, որ փոփոխությամբ առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մասնավոր ոլորտի տուժած վարձու աշխատողներին և անհատ ձեռնարակատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկն ընդլայնել ևս 9-ով։

«Մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից արտադրություններ, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտարդատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնիկայի և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն (սրանք հիմնականում մեքենասարքավորումների մասեր արտադրող ոլորտներին են վերաբերում), ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, որոնք հիմնականում պատճենահանման, կրկնօրինակման և գրասենյակային այլ ծառայություններ մատուցող ոլորտներն են, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ինչպես նաև ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն (սրանք սփա-կենտրոններն են և նմանատիպ ծառայություններ մատուցող գործատուները)»,- ոլորտները թվեց փոխնախարարը։ 

Ըստ նրա՝ այս կերպ ևս աջակցություն կտրամադրվի 1875 կազմակերպության, որում աշխատում է մոտ 9171 աշխատակից, իսկ աջակցության բյուջեն կկազմի 623 միլիոն 628 հազար դրամ։ Ուդումյանի խոսքերով՝ այս միջոցառման շրջանակներում արդեն վճարվել է 124 հազար 609 շահառու, իսկ ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 միլիարդ դրամ կամ 8 միլիարդ 453 միլիոն 139 հազար դրամ։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ձեռնարկված Հակաճգնաժամային շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության ընդհանուր 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 8 հարյուր, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։

Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում եւս անդրադարձել է այս որոշմանն ու գրել․

«Քիչ առաջ կառավարության որոշմամբ ընդլայնվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակը, ներառելով հետևյալ ոլորտները.

 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
 փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
 թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն
ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
 համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
 էլեկտրական սարքավորանքի արտադրություն
 ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն
 համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում
 ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Ծրագրին կարելի է դիմել հունիսի 6-ից dimum.ssa.am կայքի միջոցով, ընտրելով համապատասխան՝ 8-րդ ծրագիրը»: