Քոչարյանը վախենո՞ւմ է կորցնել իր 4 միլիարդը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ առաջին իսկ օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց ՀՀ նախագահի պաշտոնը, նա միանգամից մտածել է այլ պաշտոնի մասին: Այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում Վահագն Խաչատրյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարություններին: Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե իր տնտեսական քաղաքականության արդյունքում խնայողություններ են արվել «սեւ օրվա» համար:
- Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանին որեւէ մեկը չէր մեղադրում ներկայիս տնտեսական վիճակի համար, նրան մեղադրում են ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական գործընթացի, 2008թ. մարտի 1-ի սպանդը կազմակերպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում իր իսկ պաշտոնավարման տարիների տնտեսական գործունեության վերաբերյալ Քոչարյանի ներկայիս գնահատականին:
- Այո, Ռոբերտ Քոչարյանին վարած տնտեսական գործունեության մասին այսօր ավելի քիչ են խոսում, բայց դա չի նշանակում, որ ընդունում են, թե Քոչարյանի տնտեսական քաղաքականությունը ճիշտ է եղել եւ նրա շնորհիվ է, որ ՀՀ-ն «ծաղկում է»: Հայ-թուրքական հարաբերությունների մասին Քոչարյանը չի կարող խոսել, քանի որ 1999թ. Ստամբուլում նա է փաստաթուղթ ստորագրել տարածքային ամբողջականության մասին: ԼՂ-ի մասին չէր կարող խոսել, քանի որ նա է այն մարդը, ով ԼՂ-ն դուրս է մղել բանակցություններից:
Մարտի 1-ի մասին խոսելու բան չունի, քանի որ բոլորս էլ գիտենք, որ նա դեռ պետք է դատարանի առաջ պատասխան տա իր անօրինական որոշումների ու քայլերի համար: Քոչարյանը երեւի կարծում է, որ այսօր իրեն հնարավորինս լավ հասարակության աչքում ներկայացնելու միակ միջոցը տնտեսության մասին խոսելն ու մի մարդ ներկայանալն է, որը լավ տիրապետում է ՀՀ տնտեսությանը: Նա կարծում է, որ մարդիկ իրեն երկնիշ տնտեսական աճով են հիշում' մոռանալով, որ տնտեսագետները լուրջ վերլուծություններ են կատարել նրա պաշտոնավարման տարիների տնտեսության վիճակի մասին եւ պարզել են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի վրա ավելի մեղմ կլիներ, եթե այդ տարիներին ճիշտ քաղաքականություն վարվեր:
- Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել է, թե իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է խնայողություններ անել եւ հենց դրանք է ծախսել Սերժ Սարգսյանի թիմը եւ հենց դրա հաշվին է կարողացել նոր վարկեր վերցնել: Ի՞նչ կասեք այս մասին:
- Քոչարյանը խնայողություններ չի կուտակել: Խնայողություններ կուտակելու հարցում նրա դերը հավասար է զրոյի: Հակառակը, իր հարցազրույցում նա խոսել է նաեւ ոսկու պաշարների մասին, հիշեցնեմ, որ Քոչարյանն այն մարդն է, ով ՀՀ-ին զրկել է ոսկու պաշարներից: Նույնիսկ պատերազմի տարիներին, երբ ՀՀ-ն խիստ կարիք ուներ, այդ տարիների իշխանությունները չգնացին նման քայլի, իսկ Քոչարյանը վաճառեց ոսկու պաշարները: Ընդհանրապես, պետք է Քոչարյանին հիշեցնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում մեր քաղաքացիներն իրենք էին իրենց խնդիրները լուծում, կտրվեցին պետությունից: Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի տնտեսության ծավալները մեծ չափերի հասան եւ մեծացան դրսից եկեղ տրանսֆերտները' 2008թ. դրանք կազմեցին 1 միլիարդ 600 միլիոն դրամ: Դա հետագայում ծախսվեց:
- Դուք ասում է, որ Քոչարյանը ոչինչ չի կուտակել: Չե՞ք կարծում, որ նա, իսկապես կուտակելու կարողություն ունի: Եթե ասում են, որ նրա կարողություն այսօր հասնում է 4 միլիարդ դոլարի, դա չի՞ նշանակում, որ այդ կարողությունը կուտակել է իր պաշտոնավարման ընթացքում:
- Եթե հարցադրումն այդ ուղղությամբ ենք տանում, ուրեմն պետք է ասել, որ երբ մեր իշխանավորների կյանքի պայմանները լավանում են, իրենց թվում է, թե ամբողջ Հայաստանի ազգաբնակչությունը սկսել է լավ ապրել: Իրականում, միշտ հակառակն է լինում, երբ իրենց գրպանի պարունակությունն ավելանում է, մեր' ՀՀ քաղաքացիներիս գրպանները դատարկվում են, քանի որ նրանց գրպանները լցվում է մեր հաշվին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կարողությունների, որոնք հրապարկվեցին ռուսական կայքերում, դրա մասին առաջին հերթին Քոչարյանը պետք է բացատրություններ տա: Համենայնդեպս ՀՀ-ում բոլորն էլ գիտեն, որ նա ունի նման կարողություններ եւ հենց այդ կարողությունների ճակատագրով անհանգստացած է հարցազրույց տվել:
- Պարոն Քոչարյանը խոսում է նաեւ մեր տնտեսության մեջ շինարարության դերի կարեւորության մասին: Կխնդրեի նաեւ սրան անդրադառնալ:
- Դա վկայում է այն մասին, որ նա չունի տնտեսական գիտելիքներ, ինչը եւ չարիք դարձավ ՀՀ-ի տնտեսության համար: Եթե նա հիմա էլ համոզված է, որ տնտեսությունը կարող է կախված լինել մեկ ճյուղից, նշանակում է, որ չի տիրապետում տարրական գիտելիքների:
- Քոչարյանը կարծում է, որ ՀՀ-ում, մասնավորապես Երեւանում մարդիկ բնակարանների կարիք ունեն եւ շինարարությունում տեմպը դեռ երկար տարիներ կարելի է պահպանել:
- Բնակարանների կարիք ունեցողների հարցը լուծելու տարբեր ճանապարհներ կան: Դրանցից մեկը քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելն է, որի հետո քաղաքացիներն իրենք են բնակարան գնում: Երկրորդը' սոցիալիստական ձեւն է, երբ պետությունը բնակարաններ է կառուցում եւ նվիրում իր քաղաքացիներին: Քոչարյանը այս երկու ձեւերից որեւէ մեկը չի կիրառել: Նա շինարարություն արել է որպես անձնական բիզնես, որի արդյունքում կուտակվել է ահռելի գումարներ: Եթե իրեն հետաքրքրում է կարող ենք նաեւ այդ թվերը հրապարակել: Ուղղակի հիշեցնենք, որ այդ բիզնեսը 2005թ. սկսած միանգամից դարձավ գերշահույթ ապահովող բնագավառ, որտեղ շահութաբերությունը հասնում է մինչեւ 1000 տոկոս:
- Դուք ունե՞ք ապացույցներ, որ այդ բիզնեսը պատկանում է Քոչարյանին:
- ՀՀ-ում, որտեղ կար գերշահույթ ապահովող բիզնես, չէր կարող այդտեղ մասնակցություն չունենար Ռոբերտ Քոչարյանը: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ էր կատարվում Երեւանի կենտրոնում, երբ Բուզանդի, Արամի փողոցների, Հյուսիսային պողոտայի վրա մարդկանցից խլում էին նրանց բնակարանները: Այս տարիների ընթացքում տնտեսության շեշտը դնելով շինարարության մեջ'ՀՀ-ն աշխարհում այլեւս չի կարողանում հանդես գալ իբրեւ մրցունակ: Մեր մոտ ընդհանրապես արտահանումը վերացավ: Քոչարյանի տնտեսության ամբողջ տրամաբանությունն այն է եղել, որ մենք այստեղ աշխատել ենք եւ այդ գումարները փոխանցել դուրս, որպեսզի Քոչարյանն ու իր շրջապատը հարստանան:
- Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանին հարցազրույցը մեղադրա՞նք էր ուղղված Սերժ Սարգսյանի դեմ: Կարծիք կա, թե նրան միջեւ սեւ կատու է անցել:
- Ես այդ հարցազրույցով հայտ է տեսնում, որ Քոչարյանը կա, հասկանում է, տիրապետում տնտեսությանը, մեղադրում է գործող իշխանություններին իր կուտակածը մսխելու համար եւ ցանկանում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Կարծում եմ Քոչարյանը զգում է այն վտանգը, որը կախված է գործող իշխանությունների գլխին եւ չի բացառվում, որ իշխանափոխություն լինի:
- Վերջերս Վարդան Օսկանյանը քննադատեց գործող իշխանություններին, կառավարությունից դժգոհեց նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, երեկ հարցազրույց տվեց Ռոբերտ Քոչարյանը: Դուք կապ տեսնում է Քոչարյանի, Օսկանյանի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:
- Ընդհանրապես մեծ քաղաքականության մեջ պատահական երեւույթներ չեն լինում: Այդ տրամաբանության մեջ նրանց հայտարարությունները պատահական չեն: Նրանք որպես թույլ օղակ տեսնում են կառավարությանը: Սերժ Սարգսյանին առայժմ չեն քննադատում' հնարավորություն տալով իրենց նշված մարդկանցով ձեւավորել կառավարություն, որտեղ կարեւոր դեր պետք է ունենա Ռոբերտ Քոչարյանը:
- Որքանո՞վ է հավանական եւ հնարավոր Քոչարյանի վարչապետ դառնալը:
- Ես համոված եմ, որ առաջին իսկ օրվանից, երբ Քոչարյանը թողեց ՀՀ նախագահի պաշտոնը, նա միանգամից մտածել է այլ պաշտոնի մասին: Երբ նա խոսում էր, որ չի ցանկանում երիտասարդ թոշակառու մնալ' ազնիվ էր: Այդ ցանկությունը նա ունի նաեւ մինչեւ հիմա եւ պատրաստ է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Չի բացառվում, որ նա սկզբում որեւէ նախարարի պաշտոն զբաղեցնի' լծակների օգտագործելու եւ տնտեսության մեջ իր տնաքանդ քաղաքականությունը շարունակելու համար: Որքանով կհաջողվի նրան, կախված է մեզանից:
- Տեսակետ կա, որ նրանք, ովքեր այսօր քննադատում են Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում են Սերժ Սարգսյանին: Քոչարյանին քննադատողներից մեկն էլ Դուք եք: Ի՞նչ կասեք:
- Այդ տեսակետն արտահայտողներին ձեռնտու է այդ մոտեցումը: Մեզ համար որեւէ տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Այն համակարգը, որը ստեղծել է Քոչարյանը, գործում է նաեւ այսօր' Սերժ Սարգսյանի օրոք:
- Դուք չասացիք, Քոչարյանին կհաջողվի՞ զբաղեցնել ՀՀ վարչապետի աթոռը: Ի՞նչ եք կարծում Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Քոչարյանը դառնա վարչապետ:
- ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր չեն ցանական, որ Քոչարյանը վերադառնա, քանի որ կարծում են, որ նրա վերադարձով կկորցնեն իրենց տեղերը: Այնպես, թե այսպես ՀՀԿ-ն մասնակցել է Քոչարյանի հանցավոր գործունեությանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանը ցանկանում է, թե ոչ, որ Քոչարյանը վարչապետ դառնա, դա Սարգսյանի խնդիրն է: Մեր մտահոգությունը երկիրը փրկելն է, այս ծանր վիճակից դուրս հանելը, Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ազատվենք, ինչպես ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս ավազակապետությունից կամ որ ավելի լավ է հնչում' բանդոկրատիայից: Ես կարծում եմ, որ Քոչարյանը չի դառնա վարչապետ:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը